Թուրքիան եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «հավասար» են ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - 16 տարի շարունակ Թուրքիան մեկ նպատակ է ունեցել` ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀԱԿ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքով, անցած բոլոր տարիների ընթացքում Հայաստանը նրան նման առիթ չի տվել եւ միայն հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո Անկարային նման հնարավորություն ընձեռվեց: «Մինչ այդ թուրքական կողմը Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չէր արել, իսկ այժմ նրա բոլոր հայտարարությունները այդ հարցին են վերաբերում»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը` ավելացնելով, որ Արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «հավասար» են ղարաբաղյան հարցում:



«Ես կարծում եմ, որ Արձանագրությունները չեն վավերացվի թուրքական խորհրդարանի կողմից եւ որ հայ-թուրքական սահմանը չի բացվի»,- ընդգծել է Կարապետյանը եւ նշել, որ հայկական կողմի գործողությունները ձախողվելու են: Ընդ որում, նա մատնանշել է, որ ՀԱԿ կներկայացնի իր դիրքորոշումը միայն այն բանից հետո, երբ ամեն ինչ լուծվի: Նրա խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանը խելացի քաղաքականություն են վարում, հաղորդակցվելով են գործում եւ փորձում են ձգձգել Արձանագրությունների վավերացման գործընթացը:
 Ուշագրավ
---