ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հարցում աջակցում է ԵԱՀԿ գործունեությանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին հայոց խորհրդարանականները մասնակցեցին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 55-րդ նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջանում Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավար Դավիթ Միլիբենդի ելույթից հետո, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբավորման ղեկավար Ստեփան Սաֆարյանը նրան է դիմել հարցով, որի ընթացքում նշել է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտումների պատճառները: «Ադրբեջանը շարունակում է ավելացնել իր ռազմական ծախսերը, որպեսզի նոր պատերազմ սանձազերծի: Ինչպես ասաց զեկուցողներից մեկը «նրանք ծախսում են իրենց այսօրվա եւ վաղվա փողերը, որպեսզի իրականացնեն երեկվա նպատակները»: Այսօր մի խումբ փորձագետներ հայտարարում են տարածաշրջանում պատերազմի աճող ռիսկի մասին: Ինչպիսի՞ դաս քաղեցիք անցյալ տարվա հակամարտությունից, որը հաշվի կառնեիք Հարավային Կովկասում նոր պատերազմը կանխելու համար», - ասել է Ստեփան Սաֆարյանը:



Պատասխանելով` Դավիթ Միլիբենդը, մասնավորապես, ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի որոշակի միջազգային կառույցների համագործակցությամբ` ԵԱՀԿ շրջանակներում եւ, վերջապես, ՆԱՏՕ-Ռուսաստան երկխոսության միջոցով:



Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի պատասխանից հետո ադրբեջանական կողմի ներկայացուցիչն արտահայտել է իր դժգոհությունը` ասելով, որ նմանատիպ նիստերում տեղին չէ քննարկել երկու երկրների խնդիրները եւ անմիջապես մոռանալով իր խոսքերը, անդրադարձել է Ադրբեջանի ու Վրաստանի, այսպես կոչված, «բռնազավթված հողերին» եւ այդ հարցերում ՆԱՏՕ-ի դիրքորոշումներին:



Միլիբենդը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, աջակցում է ԵԱՀԿ գործունեությունը եւ բարձր է գնահատում այդ կազմակերպության ջանքերը` ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում:



Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի պատասխանից հետո Ադրբեջանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը, հաղորդում է «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---