ՀԱԿ-ը չի կարողանում գտնել Նիկոլ Փաշինյանին

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները խոչընդոտում են Երեւանի թիվ 10 ընտրատարածքի ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացը:



ՀԱԿ հայտարարության համաձայն, հունվարի 21-ը վերջին օրն է փաստաթղթերը Հայաստանի Սահմանադրական դատարան ներկայացնելու, սակայն Նիկոլ Փաշինյանի փաստաբանները չեն գտնում նրան, որպեսզի ստորագրի փաստաթղթերը: Ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից փաստաբաններին հայտնել են, որ Փաշինյանին տեղափոխել են «Նուբարաշենի» քրեական-ուղղիչ մեկուսարան: Փաստաբանները գտնում են, որ այս բացատրությունն անհիմն է:



ՀԱԿ-ը վստահ է, որ սա նախօրոք մտածված գործողություն է, որպեսզի խոչընդոտեն ՀՀ Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու գործընթացը: ՀԱԿ-ը նաեւ պահանջում է, որպեսզի իրենց հնարավորություն տրվի հանդիպելու Նիկոլ Փաշինյանին` փաստաթղթերը ստորագրելու համար:



Հունվարի 10-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններում Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը, որը հավաքել է 7622 ձայն, համաձայն ՀՀ ԿԸՀ-ի:



Այդ ընտրատարածքում պատգամավորական ընտրություններին մասնակցում էր երեք թեկնածու` Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից, որին տրվել էր 7622 ձայն, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին տրվել էր 5023 ձայն:



Հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Նիկոլ Փաշինյանին մեղավոր է Ճանաչել Քր. օրենքի հոդված 1-ի մաս 225 -ով (զանգվածային անկարգություններ) եւ դատապարտել է 7 տարվա ազատազրկման` Հայաստանի արդարադատության նախարարության ուղղիչ հաստատությունում պատժաչափը անցկացնելու:



Հայ ազգային կոնգրես - 2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում նախագահական ընտրություններին մասնակցելու ընթացքում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվեցին 20 կուսակցություններ եւ ձեւավորվեց նախընտրական միություն, որը ոչ պաշտոնապես կոչվեց համազգային շարժում: ՀԱԿ հիմնական պահանջն էր` քաղբանտարկյալների ազատ արձակումը, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---