Շվեյցարիայի ԱԳՆ-ն անհամբերությամբ սպասում է Արձանագրությունների շուտափույթ վավերացմանը

PanARMENIAN.Net - Շվեյցարիան ձեռնպահ է մնում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ որեւէ մեկնաբանություններ կատարելուց: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Ռոյմանը` մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ, իբր, Շվեյցարիայի արտգործնախարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումն անընդունելի է անվանել: «Մենք օժանդակում ենք կողմերի ջանքերը եւ անհամբերությամբ սպասում Արձանագրությունների շուտափույթ վավերացմանը, ինչը թույլ կտա ձեռնամուխ լինել Արձանագրությունների իրականացմանը»,- ասաց Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:



Ինչպես ավելի վաղ հաղորդում էին թուրքական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, շվեյցարական կողմը, իբր, Հայաստանի ՍԴ որոշումը բնորոշել է որպես ծայրահեղ անսպասելի ու անընդունելի:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
 Ուշագրավ
---