ԱՄՆ-ն սահմանափակումներ կամ նախապայմաններ չի տեսնում Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: «Մենք ՍԴ որոշումը որպես դրական քայլ ենք դիտարկում Արձանագրությունների վավերացման գործընթացում: Այնպիսի տպավորություն չի ստեղծվում, թե Հայաստանի ՍԴ որոշումը սահմանափակում կամ որեւէ կերպ բնորոշում է հայ-թուրքական Արձանագրությունները»,- հայտնեց ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը` ընդգծելով, որ դատարանի որոշումը հնարավորություն է տալիս Արձանագրությունները խորհրդարանում ներկայացնել այնպիսին, ինչպիսին դրանք ստորագրվել են: ԱՄՆ Պետքարտուղարի օգնականը համոզմունք հայտնեց, որ Հայաստանն ու Թուրքիան կկատարեն ստանձնած պարտավորությունները` ավելացնելով, որ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում հնարավորինս արագ վավերացնել Արձանագրությունները:



«Այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է: Մենք օժանդակում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որը խաղաղություն եւ կայունություն կբերի Կովկասին: Կարեւոր է, որպեսզի կողմերը կենտրոնանան առաջ շարժվելու գործընթացի վրա»,- նշեց բարձրաստիճան ամերիկյան դիվանագետը, հաղորդում է Ազատություն Ռադիոկայանը:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն: «Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---