Հայաստանը բաց է թողել Թուրքիայի իրական ակնկալիքներն Արձանագրություններից ցույց տալու հնարավորությունը

Հայաստանը բաց է թողել Թուրքիայի իրական ակնկալիքներն Արձանագրություններից ցույց տալու հնարավորությունը

PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողության չի հասնի, եթե շարունակվի նույն հունով ընթանալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ, արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքերով, գործընթացի ավարտին Հայաստանը եւ Թուրքիան իրար կվերաբերվեն ավելի թշնամաբար, քան դա եղել է մինչ այդ:



«Երկիրը, որն ունի չլուծված ներքաղաքական խնդիրներ, չի կարող հաջողության հասնել արտաքին քաղաքականության ասպարեզում», - ասել է Իգիթյանը: Ընդ որում նա նշել է, որ գերտերությունները Հայաստանին վերաբերվում են որպես բռնատիրական երկրի, քանի որ իշխանության թիկունքում բացակայում է հասարակական կարծիքը:



Իգիթյանը նաեւ քննադատել է այն, որ ՀՀ ԱԳ նախարարը Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրման ժամանակ թույլ չտվեց իր թուրք պաշտոնակցին ելույթ ունենալ: «Հայաստանը հնարավորություն ուներ աշխարհին ցույց տալ Թուրքիայի իրական ակնկալիքները», - ասել է Իգիթյանը:



Հայոց համազգային շարժում. Հայաստանի հասարակական քաղաքական կազմակերպություն է, լիբերալ-ժողովրդավարական կողմնորոշմամբ: 1991-1998 թ-ին իշխող կուսակցություն էր: 1990 թ-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններին կուսակցությունը ստացել է ձայների 36%:



Առաջնորդներն էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վանո Սիրադեղյանը եւ Արարատ Զուրաբյանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---