
28 հունվարի 2010 - 15:31 AMT
PanARMENIAN.Net -
Հայկական բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է մի խումբ զինծառայողների: ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:
Պարգեւատրվածներին շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ` Սերժ Սարգսյանն ասաց, որ այս պարգեւներով Հայաստանն ու հայ ժողովուրդն իր գնահատականն ու վերաբերմունքն է արտահայտում այն մարդկանց հանդեպ, ովքեր անձնվիրաբար ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ովքեր կամավոր իրենց կյանքը դարձրել են առաքելություն` ուղղված պաշտպանության ու խաղաղության պահպանման նվիրական գործին։
«Այսօր դուք պարգեւատրվում եք ձեր արձանագրած հաջողությունների համար, իսկ ձեր հաջողություններով մեր երկիրը դառնում է ավելի ամուր թե' առարկայորեն, թե' հոգեբանորեն, թե' քաղաքականապես։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ ու բնականոն աշխատանք եւ իհարկե, Հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացում, ինչը կախված է նաեւ ձեր ամենօրյա աշխատանքի որակից ու ծավալից»,- ասաց պետության ղեկավարը:
Հունվարի 28-ին լրացավ Հայկական բանակի 18 տարին: Ավանդույթի համաձայն վաղ առավոտյան երկրի ղեկավարությունը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը «Եռաբլուրում» ծաղկեպսակներ դրեցին ղարաբաղյան ազատամարտի ժամանակ զոհված հերոսների շիրիմներին:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ռազմա-օդային ուժերից, հակա-օդային պաշտպանությունից եւ սահմանապահ զորքերից: Զինված ուժերի հրամանատարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, պաշտպանության նախարարը` Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետն է Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարարությունը ստեղծվել է 1992թ. հունվարի 28-ին:
1992թ. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: 1992թ. հուլիսից Հայաստանը Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի անդամ է: Պայմանագրով սահմանափակում է մտցվում սովորական սպառազինութայն այնպիսի տեսակների վրա, ինչպիսիք են տանկերը, հրետանին, զրահատեխնիկան, մարտական ինքնաթիռները եւ ուղղաթիռները, եւ նախատեսում է սահմանափակել զորքերի քանակը:
1991թ-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (Նախարարների խորհրդին կից): 1992թ. հունվարի 28-ին կայացվեց պատմական որոշում` «ՀՀ պաշտպանության մասին», որով օրինականացվեց Հայոց ազգային բանակի ստեղծումը: