ԼՂՀ մասին Չավուշօղլուի հայտարարությունը ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությունն է

ԼՂՀ մասին Չավուշօղլուի հայտարարությունը ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությունն է

PanARMENIAN.Net -
Հունվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ:



Հեռախոսազրույցի սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց Մովլութ Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը` պարոն Աբրահամյանը կոչ արեց նրան իր նախագահության երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ եւ հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերում:



Հեռախոսազրույցի ընթացքում Մ. Չավուշօղլուն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին, որ ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի կատարել: Մ.Չավուշօղլուն հավաստիացրեց, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության եւ ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետեւանք են:



Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաեւ տեսակետներ փոխանակեցին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի շուրջ: Զրուցակիցները նաեւ քննարկեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահի Հայաստան այցելություն կատարելու հնարավորությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
---