
29 հունվարի 2010 - 12:49 AMT
PanARMENIAN.Net -
Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net -ին ԱԳՆ-ն մամլո ծառայությունում, Նալբանդյան-Դավութողլու հանդիպումը Մյունխենում նախատեսված չէ:
Նախօրեին Hurriyet Daily News-ը հաղորդել էր, որ նախարարները պայմանավորվել են հանդիպել, որպեսզի շարունակեն քննարկել Արձանագրությունների շուրջ ստեղծված իրավիճակը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Անվտանգության քաղաքականության գծով Մյունխենի կոնֆերանսը: Իր գոյության ընթացքում Անվտանգության քաղաքականության գծով Մյունխենի կոնֆերանսը վերածվեց ակտուալ քաղաքական եւ քաղաքական-տնտեսական հարցերի կարգավորման կարեւոր համաժողովի: Մյունխենի կոնֆերանսը 1962թ. ի վեր բարձրաստիճան քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների եւ փորձագետների հանդիպման ամենամյա վայր է: Դա աշխարհի կարեւորագույն ոչ պաշտոնական համաժողովներից մեկն է, որտեղ քննարկվում են ակտուալ քաղաքական խնդիրներ, որոնք առնչվում են ուժերի հարաբերակցությանը միջազգային հարաբերություններում, միջազգային իրավունքի եւ ժողովրդավարական աշխարհակարգի համակարգի ամրապնդմանը:
Առաջին 30 տարիներին կոնֆերանսի մասնակիցները ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ու քաղաքական առաջնորդներն էին, քաղաքագետներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները: 1990-ականների սկզբից կոնֆերանսի պատվիրակությունների կազմը աստիճանաբար համալրեցին ՌԴ-ի, Չինաստանի, Ճապոնիայի եւ Արեւելյան Եվրոպայի ներկայացուցիչները: 1998թ. համաժողովը ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը ԳԴՀ պաշտպանության նախարարության բյուջեից:
Մինչեւ 1998թ. Մյունխենի կոնֆերանսի հիմնադիրը, կազմակերպիչն ու անփոփոխ ղեկավարն եղել է գերմանացի հրատարակիչ Էվալդ-Հանյրիխ ֆոն Կլյաստը: 1999-2008թթ. այդ դերը կատարում էր Գերմանիայի կանցլերի նախկին խորհրդական Հորսթ Տելչիկը: Իսկ 2009թ. կոնֆերանսը կգլխավորի գերմանացի իրավապաշտպան եւ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում ԳԴՀ նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը