Սերժ Սարգսյան. Հայաստանը լավ հարաբերություններ է պահպանում եւ ԱՄՆ-ի, եւ Ռուսաստանի հետ

Սերժ Սարգսյան. Հայաստանը լավ հարաբերություններ է պահպանում եւ ԱՄՆ-ի, եւ Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net -
Հայաստանը լավ հարաբերություններ է պահպանում եւ ԱՄՆ-ի, եւ Ռուսաստանի հետ: Հայաստանն ու Ռուսաստանը զարգացնում են ռազմավարական գործընկերությունը: Այդ մասին արաբական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Միացյալ Նահանգներում բնակվում են բազմաթիվ հայեր, որոնք բնական կամուրջ են հանդիսանում մեր եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերություններում: Եվ մեզ համար լավագույն վիճակն այն է, երբ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ լավ հարաբերություններ են լինում»,- նշեց ՀՀ ղեկավարը:



Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ապրող բազմաթիվ հայեր օժանդակում են Հայաստանին, բայց հիանալի կլիներ, եթե նրանք հայրենիք վերադառնային:



Խոսելով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` Հայաստանի նախագահը հայտնեց, որ ցեղասպանության ճանաչումն արդարության ճանաչումն է: Սերժ Սարգսյանի կարծիքով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բառացիորեն ասել է, որ չի փոխել իր կարծիքն այդ հարցի վերաբերյալ:





Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
---