ՀՀ ԱԳՆ ղեկավար. Էրդողանի կողմից արված նմանապիտ հայտարարություններն են նախորդել Հայոց ցեղասպանությանը

ՀՀ ԱԳՆ ղեկավար. Էրդողանի կողմից արված նմանապիտ հայտարարություններն են նախորդել Հայոց ցեղասպանությանը PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետն անթույլատրելի հայտարարություն է արել: Այդ մասին Երեւանում Սլովակիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ցավոք սրտի նման հայտարարություններ Թուրքիայում արվում են ոչ առաջին անգամ: Հենց այդ հայտարարություններն են նախորդել 1915-ին Հայոց ցեղասպանությանը, նման հայտարարություններ են արվել Ադրբեջանում Սումգայիթում եւ այլ ադրբեջանական քաղաքներում հայերի կոտորածներից առաջ»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:



Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ թուրքական կողմի նման հայտարարությունները վնասում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը պատրաստ է շարունակել գործընթացը Հայաստանի հետ եւ որ Թուրքիայում կգերիշխի իրատեսական մոտեցումը, եւ Անկարան կլսի միջազգային հանրությանը եւ կդադարի խոսել սպառնալիքների եւ շանտաժի լեզվով, քանի որ դա քաղաքակիրթ ուղի չէ»,- ասել է Նալբանդյանը:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հնարավոր է 100 հազար անօրինական հայ գաղթականների վտարումը երկրից: «Իմ երկրում բնակվում են 170 հազար հայեր, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են»,- ասել է նա: «Վաղը, թե պահանջվի, ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- ասելէ Էրդողանը:



Հայտարարության համար առիթ էր հանդիսացել մի շարք երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Անկարայի արձագանքի հարցը:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Բաքվում հայերի ջարդեր

Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
---