Արտակ Գրիգորյան. Քնեսեթը դեռեւս պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Արտակ Գրիգորյան. Քնեսեթը դեռեւս պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Գիտական մակարդակով բոլորն են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն, երբ հարցը տեղափոխվում է քաղաքական դաշտ, ամեն ինչ փոխվում է»,-ասել է հայ փորձագետը

Իսրայելի Քնեսեթն արդեն բազմիցս է ընդգրկել օրակարգում Հայոց ցեղասպանության մասին հարցը: Այդ մաիսն Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Իսրայելի գծով փորձագետ Արտակ Գրիգորյանը: Ընդ որում, նա նշել է, որ ճնայած հարաբերությունների սառեցմանն Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, Քնեսեթը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա չի բխում Իսրայելի շահերից: «Գիտական մակարդակով բոլորն են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն, երբ հարցը տեղափոխվում է քաղաքական դաշտ, ամեն ինչ փոխվում է»,-ասել է Գրիգորյանը: «Իսրայելը կարող է ավելացնել հակաթուրքական դոզան եւ ապտակ հասցնել Անկարային, սակայն Քնեսեթը դեռեւս պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է հայ փորձագետը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
---