Հայաստան կայցելի Եվրոպայի ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատարը

Հայաստան կայցելի Եվրոպայի ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատարը

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը մարտի 30-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նիստում ամփոփվել է 2009 թվականին ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսված են բարեփոխումներ 190 ուղղություններով, որոնք ներառում են 277 գործողություններ. «Հանձնաժողովի շրջանակում ստեղծվել են շուրջ 4 տասնյակ միջգերատեսչական աշխատանքային խմբեր, մշակվել եւ հաստատվել է 10 հայեցակարգ, մեկ ռազմավարություն եւ ազգային 4 ծրագիր: Ամփոփելով կատարված աշխատանքները` կարող ենք արձանագրել, որ նախանշված գործողությունների 33 տոկոսը կատարված է ամբողջությամբ կամ գտնվում է ավարտման փուլում, մնացած աշխատանքները կիրականացվեն 2010-2011 թվականներին»:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կա խորը համագործակցություն, եւ երկուստեք դրական են գնահատվում այս փուլում իրականացված լայնածավալ բարեփոխումները, որոնք ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ ասոցացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքը: Նրա խոսքով` «Արեւելյան գործընկերության» շրջանակում ԵՄ-ի հետ ստորագրվելիք ասոցացման համաձայնագրերի նպատակն է` խորացնել ԵՄ-ի գործընկեր երկրների հետ քաղաքական ասոցացումը եւ խթանել տնտեսական ինտեգրումը երկուստեք շուկաներ ապահովելու համար: Նախատեսվում է եվրոպական ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձանակատարի այցը Հայաստան` քննարկելու ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելու համար մանդատի հարցը, որը մինչեւ ապրիլի վերջը կտրամադրվի Հայաստանին: Ասոցացման համաձայնագրում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, տեղաշարժի, էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Նախատեսվում են զգալի բարեփոխումներ այն կառույցներում, որոնք պատասխանատու են լինելու համաձայնագրից բխող պարտավորություններն իրականացնելու համար:

Նիստում հավանության են արժանացել տեղեկատվական ռազմավարության ծրագիրը Հայաստանի եվրոպական ինտեգրման վերաբերյալ, Հայաստանում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի, Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման, Հայաստանում տեխնիկական անվտանգության ապահովման հայեցակարգերը, հաղորդում է Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարի մամուլիգրասենյակը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---