«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ընդդիմադիր եւ կոալիցիոն կուսակցություններին` ձեւավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ընդդիմադիր եւ կոալիցիոն կուսակցություններին` ձեւավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը, բովանդակ հայ ժողովրդի հետ մեկտեղ խիստ անհանգստացած լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան խնդիրների շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից եւ առկա սպառնալիքներից, ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին ուղղված ամենավտանգավոր մարտահրավերը, որը երբեւէ եղել է 1993-ից ի վեր:



Այս պայմաններում Արցախի եւ hայ-թուրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թվում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան` «Ժառանգությունը» կոչ է անում ընդդիմադիր ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին եւ կոալիցիոն կուսակցություններին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, մինչեւ ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունները, գործող խորհրդարանի քաղաքական ցածր արդյունավետության պայմաններում ձեւավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն` Կլոր սեղանի ձեւաչափով, որում կընդգրկվեն նշյալ 3 ընդդիմադիր եւ 3 կոալիցիոն ուժերը, ինչի շնորհիվ համամասնորեն ներկայացված կլինեն ընդդիմությունն ու իշխանությունը:



Կլոր սեղանը պետք է ձեւավորել առանց նախնական օրակարգի, սեղանին դնել ընդդիմադիր ու իշխանական ուժերին հուզող բոլոր հիմնական խնդիրները եւ առանց նախապայմանների համաձայնության գալ մի շարք հարցերում: Սա կարող է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ներհասարակական-ներքաղաքական միասնության ապահովման եւ համախմբված ուժերով հակառակորդին դիմակայելու համար, ինչպես նաեւ` խթանել ժողովրդավարական բարեփոխումները:



Կլոր սեղանը պետք է լինի առաջին քայլը` ազգային միասնության առավել լայն քաղաքական, քաղաքացիական եւ հոգեւոր ձեւաչափի կայացման ուղղությամբ, որն ի վերջո կընդգրկի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, ինչպես նաեւ սփյուռքի քաղաքական ուժերին:



Առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես կդիմի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի առաջնորդներին` քննարկելու այս առաջարկը եւ վերոնշյալ շրջանակներին ներգրավելու հարցը, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---