Հայաստանի խորհրդարանին հավանաբար չի տրվի վերապահումներով հանդես գալու իրավունք

Հայաստանի խորհրդարանին հավանաբար չի տրվի վերապահումներով հանդես գալու իրավունք

PanARMENIAN.Net - Վերապահումների իրավունքի մասին խոսակցությունները նոր չեն, քանի որ ըստ Վիեննայի կոնվենցիայի, վերապահում է համարվում պետության միակողմանի հայտարարությունը, որի իրավունքը Հայաստանի խորհրդարանն ունի: Այդ մասին ապրիլի 6-ին հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը “Միջազգային պայմանագրերի մասին օրենքում” ուղղումներ և “ՀՀ ԱԺ ընթացակարգի մասին” օրենքում լրացումներ կատարելու մասին խորհրդարանական քննարկման ընթացքում:

Ըստ Ռուստամյանի, այն, որ ՀՀ ղեկավարությունը ընդդիմանում է այս օրինագծին, պայմանավորված է միայն քաղաքական նկատառումներով, կապված հայ-թուրքական մերձեցման հետ: “Եթե մենք նման օրինագծեր առաջարկեինք մինչ այդ գործընթացի մեկնարկը, ապա, այդ ուղղումներն, անկասկած, հավանության կարժանանային”,-ասել է նա:

Իր հերթին, “Ժառանգության” խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ ՀՀ կառավարության բացասական եզրակացությունն այս օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության կետերի սահմանափակ մեկնաբանության արդյունք է: “Այդ տեսակետից, ըստ Սահմանադրության, ՀՀ ԱԺ-ին չի արգելվում վերապահումներով հանդես գալ միջազգային պայմանագրերի վերաբերյալ: Այսինքն, եթե ՀՀ խորհրդարանն իրավունք ունի վավերացրնել միջազգային պայմանագրերը, ապա կարող է նաեւ վերապահումներ անել”,-ասել է նա:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շ.Քոչարյանը նշել է, որ ըստ ՀՀ Սահմանադրության, Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնում է երկրի նախագահը եւ կառավարությունը, այսինքն եթե խորհրդարանին վերապահումների իրավունք տրվի, կնշանակի, որ ԱԺ-ն ինքնաբերաբար դառնում է արտաքին քաղաքականություն իրականացնող գերատեսչություն, ինչը հակսում է երկրի Սահմանադրությանը”,-ասել է նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ իշխող կուսակցությունը դեմ է այդ օրինագծի ընդունմանը, քանի որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է իշխանության ճյուղերի տարանջատում եւ հավասարակշռում եւ նրանք չեն կարող նույն լիազորություններն ունենալ:

ՀՅԴ նախաձեռնությամբ նախատեսվում է հետեւյալը` Աժ-ն պետք է իրավունք ունենա հանդես գալ վերապահումներով միջազգային պայմանագրերի վավերացման դեպքում, համաձայնագրից դուրս գալու իրավունք, եթե այն հակասում է երկրի շահերին, ինչպես նաեւ խորհրդարանը պետք է իրավունք ունենա հանդես գալ միջազգային պայմանագրերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---