Արցախցի քաղաքագետ. Արցախը պետք է միանա Հայաստանին

Արցախցի քաղաքագետ. Արցախը պետք է միանա Հայաստանին

PanARMENIAN.Net - “Մեր համար անընդունելի են Մադրիդյան սկզբունքների բոլոր կետերը”,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է “Հայկական ընտրություն” կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ղարաբաղցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը: Ըստ նրա, այդ փաստաթղթի ցանկացած կետի իրագործում կամ ազատագրված տարածքներից գոնե մեկի վերադարձը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար և քանդել երկրի պաշտպանական համակարգը: “Եթե դուք լինեք Արցախում, կհասկանաք, որ Մադրիդյան սկզբունքների իրագործումն անհնար է”,-ասել է ղարաբաղցի փորձագետը: Ընդ որում, նա նշել է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը ոչ մի նշանակություն չի ունենա, եթե հայկական կողմը զիջի ազատագրված տարածքներից գեթ մեկը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին` Քանանյանն ասել է. “Մենք պատրաստ ենք բանակցել մի երկրի հետ, որը պատրաստ է ընդունել մեր գոյությունն ու Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը”: Ընդ որում, նա նշել է, որ ինչպես Ադրբեջան պետությունը, այնպես էլ Ադրբեջանի հանրությունը պատրաստ չէ հանդուրժել հայերի ֆիզիկական գոյությունը: “Նման պետության հետ բանակցություններ կարելի է վարել միայն սահմանափակ թեմաների շուրջ”,-ասել է Ալեքսանդր Քանանյանը:

Ընդ որում, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությանը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում, Քանանյանն ասել է, որ հենց այդ քաղաքականության պատճառով է, որ Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դիտարկվում է որպես թույլ պետություն, որը պատրաստ է զիջումների գնալ: “Ս.Սարգսյանը չի հասնի հայ-թուրքական սահմանի բացմանը, եթե զիջումների չգնա ղարաբաղյան կարգավորման հարցում”,-նշել է Քանանյանը` հավելելով, որ հայ-թուրքական գործընթացը շաղկապված է ղարաբաղյան խնդրի հետ: Նա նշել է, որ ՀՀ նախագահի քաղաքականությունը վստահություն չի առաջացնում ղարաբաղցիների մոտ, որոնք այսօր ավելի ակտիվ են հետևում ղարաբաղյան կարգավորման գործընթացին, քան նախկինում:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահի հայտարարությունը ազատագրված տարածքների հանձնման հնարավորության մասին, Քանանյանն ասել է,որ, եթե Սարգսյանի հայտարարությունը դիտարկենք այն մոդելի համատեքստում, որն առաջարկել էր ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, այն է` առանձին կա Հայաստանի Հանրապետություն և կա Արցախի Հանրապետություն, ապա Սարգսյանն իրավունք չուներ նման հայտարարություններ անել ԼՂՀ-ի անունից: “Այսօր չկա ոչ մի միջպետական պայմանագիր, որի համաձայն ԼՂՀ-ն լիազորել է ՀՀ նախագահին իր անունից բանակցություններ վարել կամ հայտարարություններ անել, որոնք վերաբերում են Ղարաբաղի սահմաններին”,-ասել է Քանանյանը:

“Ես անիմաստ եմ համարում երկրորդ հայկական պետության գոյությունը և գտնում եմ, որ հարկավոր է իրավաբանորեն ամրագրել այն, ինչը վաղուց արդեն իրականություն է` հաստատել Հայաստանի ինքնիշխանությունը Արցախի ողջ տարածքում”,-ասել է Ա.Քանանյանը:

Ընդ որում, անդրադառնալով ՀՀ նախագահի առաջիկա հանդիպմանը Թուրքիայի վարչապետի հետ, Քանանյանն ասել է, որ ոչինչ չի ակնկալում այդ հանդիպումից:

 Ուշագրավ
---