Դանիլո Աստորին ու Հայաստանի դեսպանը քննարկել են հայ-ուրուգվայական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր

Դանիլո Աստորին ու Հայաստանի դեսպանը քննարկել են հայ-ուրուգվայական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - 2010թ. ապրիլի 14-ին Մոնտեվիդեոյում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Ազգային կոնգրեսի նախագահ Դանիլո Աստորիի հետ:

Կրկին անգամ շնորհավորելով ՈւԱՀ փոխնախագահին այդ բարձր պաշտոնին ընտրվելու կապակցությամբ` Հայաստանի դեսպանը նրան է ներկայացրել հայ-ուրուգվայական հարաբերությունների ներկա իրավիճակը, վերահաստատել է Հայաստանի իշխանությունների ցանկությունն էլ ավելի զարգացնել ու խորացնել երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների միջև հարաբերությունները:

Նշելով, որ այս օրերին Ուրուգվայ այցելության իր նպատակն է մասնակցել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառմանը, դեսպան Կարմիրշալյանը կրկին անգամ շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ժողովրդին ու իշխանություններին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիներին Ուրուգվայում ընդունելու, նրանց ապրելու ու արարելու համար բոլոր պայմանները տրամադրելու, աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ու նրա իրականացնողներին դատապարտելու համար:

Դանիլո Աստորին նշել է, որ ուրուգվայցիներն ու երկրի իշխանությունները գրեթե մեկ դար առաջ երկիր ներգաղթած հայերին ընդունել են եղբայրների ու քույրերի պես, և այդ զգացմունքը շարունակվում է մինչ օրս: «Ուրուգվահայ համայնքը մեր ժողովրդի բաղկացուցիչ մասն է կազմում,- ասել է Դանիլո Աստորին,- նրանք շատ լավ ուրուգվայցիներ են, սակայն նաև շատ լավ հայեր` պահպանելով իրենց կրոնն ու ավանդույթները, լեզուն ու մշակույթը: Հայերն Ուրուգվայը բնակեցնող այլ ազգերի հետ տարբեր բնագավառներում ակտիվորեն մասնակցում են մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին»,- ասել է Դանիլո Աստորին:

ՈւԱՀ փոխնախագահն ու Հայաստանի դեսպանը քննարկել են նաև հայ-ուրուգվայական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, Դանիլո Աստորին խոստացել է անձամբ զբաղվել Ուրուգվայի խորհրդարանում Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի ձևավորմամբ: Դանիլո Աստորին ասել է, որ գոհունակությամբ կընդունի Մոնտեվիդեոյում իր հայաստանցի գործընկերոջը և առաջին իսկ հնարավորության դեպքում ինքը նույնպես հաճույքով կայցելի Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---