Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կայցելի Հունաստան

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Հունաստանի խորհրդարանում տեղի է ունեցել հանդիպում խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի եւ Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի միջեւ:

Կողմերը քննարկել են հայ-հունական համագործակցության հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի եւ համագործակցության ամրապնդումը, ինչի համար լավ նախադրյալներ են ստեղծվել վերջերս հունական խորհրդարանում հայ-հունական բարեկամության խմբի ստեղծմամբ: Այդ համագործակցությունը գործնական հուն տեղափոխելուն, անկասկած, կնպաստի նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի այցը Հունաստան, որը նախատեսվում է ընթացիկ տարվա երկրորդ կեսին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին: Շնորհակալություն հայտնելով Հունաստանի խորհրդարանի նախագահին ջերմ ընդունելության եւ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար` Հայաստանի դեսպանը հանդիպման ավարտին երախտագիտությամբ նշեց, որ Հունաստանի խորհրդարանի պատերի ներսում 14 տարի առաջ` ապրիլյան հենց այս օրերին, միաձայն ընդունվել է Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման եւ հիշատակի օրվա սահմանման մասին բանաձեւը, եւ որ այս տարի եւս հայերն ու հույները միասին մասնակցելու են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---