Թուրքիան հերթական անգամ խախտում է Հայաստանի իրավունքները

Թուրքիան հերթական անգամ խախտում է Հայաստանի իրավունքները

PanARMENIAN.Net - «Թուրքիայի բոլոր հայտարարություններն այն մասին, որ նա խոսքի բացառիկ իրավունք ունի Նախիջևանի հարցում և հանդիսանում է նրա երաշխավորը, անհիմն են: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, որքան Թուրքիան իրավունք ունի Նախիջևանի հանդեպ, նույնքան իրավունք ունի նաև Հայաստանը, քանի որ Կարսի պայմանագրի տակ, որով որոշվեց Նախիջևանի կարգավիճակը, ստորագրել են Հայկական, Ադրբեջանական ԽՍՀ-ներն ու Թուրքիան, ՌԽՍՖՀ մասնակցությամբ:

«Ելնելով ստեղծված իրավիճակից, Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, լիակատար իրավունք ունի դիմել միջազգային դատարան Նախիջևանի կարգավիճակի խախտման վերաբերյալ կամ քննարկել այն որպես միջազգային պայմանագրերի խախտում»,-ասել է Դեմոյանը: Նրա խոսքերով, Նախիջևանի կարգավիճակի հարցում խախտվել են Հայաստանի իրավունքները: «Թուրքական կողմը լավ է հասկանում, որ Նախիջևանի հարցում կողմերի իրավունքները հավասար են»,-ասել է հայ փորձագետը:

Կարսի պայմանագիր

Կարսի պայմանագիրը կնքվել է 1921թ. հոկտեմբերի 13-ին մի կողմից քեմալական Թուրքիայի եւ մյուս կողմից Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջեւ Կարսի խորհրդաժողովի ավարտին: Այն կազմված է նախաբանից, 20 հոդվածներից եւ 3 հավելվածներից:

Ըստ 1-ին հոդվածի, ուժը կորցրած են համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել են այն կառավարությունների միջեւ, որոնք նախկինում ապահովել են ինքնիշխանությունը պայմանավորվող կողմերի տարածքում: Այդպիսով իսկ չեղյալ էր հայտարարվում 1920թ. Ալեքսանդրոպոլի պայմանագիրը:

Անվավեր էին ճանաչվում նաեւ այն պայմանագրերը, որոնք կնքվել են երրորդ պետությունների հետ եւ վերաբերում էին անդրկովկասյան հանրապետություններին: Սակայնյ դա չէր տարածվում 1921թ. ՌԽՍՀ եւ Թուրքիայի միջեւ կնքված Մոսկվայի պայմանագրի վրա:



2-րդ հոդվածը հատկապես կարեւոր էր Թուրքիայի համար, քանի որ ըստ այդ հոդվածի, կողմերը չէին ճանաչում ոչ մի պայմանագիր կամ միջազգային ակտ, որը կարող էր պարտադրվել ուժով: Դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920թ. Սեւրի պայմանագիրը:

Ըստ 3-րդ հոդվածի, չեղյալ էր հայտարարվում կապիտուլացիոն ռեժիմը:

Ըստ 4-րդ հոդվածի, որոշվում է սահմանը Թուրքիայի եւ Անդրկովկասի հանրապետությունների միջեւ (սահմանի ավելի մանրամասն նկարագրությունը տրվում էր 1-ին եւ 2-րդ հավելվածում):

Ըստ 5-րդ հոդվածի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունները համաձայնվում էին, որ Նախիջեւանի մարզը (3-րդ հավելվածում նշված սահմաններով) ինքնավար հանրապետություն դառնա Ադրբեջանի հովանու ներքո:

6-րդ հոդվածը վերաբերում էր Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններին: Մնացած հոդվածները որոշում էին կողմերի քաղաքացիների իրավական վիճակը, հաստատում էին գերիների փոխանակման կարգը, վերաբերում էին տնտեսական, ֆինանսական եւ այլ հարցերի կանոնակարգմանը, հյուպատոսական հարաբերությունների հաստատմանը եւ այլն: Կարսի պայմանագիրը հիմնականում կրկնում էր 1921թ. Մոսկվայի պայմանագրի դրույթները, որով ոտնահարվում էին Հայաստանի կենսական շահերը:

Կարսի պայմանագիրը ստորագրել են` ՀԽՍՀ անունից արտաքին գործերի ժողկոմ Ա.Մռավյանը եւ ներքին գործերի ժողկոմ Պ.Մակինցյանը, Ադրբեջանական ԽՍՀ անունից` աշխատավորագյուղացիական տեսչության ժողկոմ Բ.Շախտախտինսկին, Վրացական ԽՍՀ անունից` ռազմածովային գործերի ժողկոմ Շ.Էլիավան եւ արտագործերի ու ֆինանսների ժողկոմ Ա.Սվանիձեն, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի անունից` Ազգային ժողովի պատգամավոր եւ Արեւելայն ճակատի հրամանատար Քյազիմ Ղարաբեքիր-փաշան, Ազգային ժողովի պատգամավոր Վելի բեյը, հասարակական աշխատանքների նախարարի նախկին օգնական Մուխտար-բեյը, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեհմուդ Շեւկեթը, ՌԽՍՀ կառավարության անունից` Լատվիայում ՌԽՍՀ լիազոր ներկայացուցիչ Յա. Գանեցկին:

 Ուշագրավ
---