ՀՀ ԱԳՆ. «Տարածքային զիջումների մասին խոսելն անգամ անիմաստ է»![]() 27 մայիսի 2010 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ներկայում Ադրբեջանն ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում` ղեկավարվելով ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերի համաձայն, դրան նպաստել են նաև թուրքական կողմի վերջին հայտարարությունները: «Արդյունքում` Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հակամարտությունը լուծում կստանա այն ժամանակ, երբ «Խանքենդի (Ստեփանակերտ) վրա ծածանվի Ադրբեջանի դրոշը»: «Նմանատիպ հայտարարություններից ելնելով, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն, հայկական կողմը գտնում է, որ միակ ընդունելի տարբերակը առկա ստատուս-քվոյի պահպանումն է, իսկ տարածքային զիջումների մասին խոսելն անիմաստ է: Այդպիսի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին որևէ զիջում մեր դիրքերը կթուլացնի», - ասել է Քոչարյանը: Նա նաև նշել է, որ հայկական կողմը ոչինչ չի տա և չի կարող տալ: «Սա հակամարտություն է Ադրբեջանի և ԼՂՀ միջև, ու եթե Բաքուն ուզում է հիմնարար մոտեցում ցուցաբերել, ապա թող ճանաչի ԼՂՀ անկախությունը և դուրս բերի իր զորքերը Ղարաբաղի բռնազավթված տարածքից, այսինքն` Շահումյանից և Գետաշենից: Կարգավորման հարցում մեզ համար գլխավորը կարգավիճակի հարցն է, իսկ մյուս հարցերը կլուծվեն Ստեփանակերտի և Բաքվի միջև: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք շարունակվելու են ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում` երեք սկզբունքով` ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության: Ի վերջո, այն, որ Ղարաբաղը պետք է բանակցությունների անմիջական մասնակից դառնա, արդեն ասում են նաև համանախագահները», - ասել է Շավարշ Քոչարյանը: Այս ամենի հետ միասին փոխնախարարը նշել է, որ Բաքուն չունի ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականություն: «Ներքինը քարոզչություն է: Այդ երկրի ղեկավարության համար կարևոր չէ, թե ինչ է մտածում ժողովուրդը, նրա համար կարևորն այն է, որ միշտ մեծարեն նախագահին: Իսկ արտաքին քաղաքականության մեջ նրանց համար կարևոր չէ, թե ինչ ընթացք կունենա ղարաբաղյան կարգավորման գործընթացը, կարևորն այն է, որ հնչեն բռնազավթում, միլիոնավոր փախստականներ և նման խոսքեր: Մեր ձևակերպումներն ավելի հստակ ու դիվանագիտական են, սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանն ավելի ակտիվ պետք է լինի և իր տեսակետը հասցնի միջազգային հասարակայնությանը: Ադրբեջանը կարող էր իր դեմքը փրկել, եթե համաձայներ հակամարտությունը լուծել մադրիդյան սկզբունքների համաձայն», - ասել է Շ.Քոչարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |