Մարի Յովանովիչ. Նորմալ չէ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալ

Մարի Յովանովիչ. Նորմալ չէ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` ելույթ ունենալով Հայաստանի ամերիկյան համալսարանում «Հայաստան-ԱՄՆ համագործակցության հեռանկարները» թեմայով: Ըստ նրա, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլն ավարտված է, վկայում է այն մասին, որ Հայաստանը ոչ թե կասեցրել է, այլ սառեցրել է գործընթացը, մինչև որ Թուրքիան պատրաստ կլինի առաջ շարժվել: «Մենք ողջունում ենք ՀՀ նախագահի որոշումը»,-հայտարարել է Յովանովիչը: Ընդ որում ԱՄՆ դեսպանը նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարևոր է ինչպես Հայաստանի ու Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին շարունակել կարգավորմանն ուղղված ջանքերը»,-ասել է Յովանովիչը: Նա նշել է նաև, որ թեև գործընթացն այնքան արագ չի զարգանում, որքան ակնկալվում էր, այնուամենայնիվ որոշակի առաջընթաց կա:

Դեսպանն ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը խթան կհանդիսանա ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի տնտեսության զարգացման համար: « Նորմալ չէ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալ»,-ասել է Յովանովիչը` հավելելով, որ ԱՄՆ-ն շարունակում է սատարել առանց նախապայմանների հայ-թուրքական մերձեցմանը:

Մեկնաբանելով, թե ինչու է ԱՄՆ-ն շահագրգիռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում` Յովանովիչն ասել է, որ առաջին հերթին այն պատճառով, որ ԱՄՆ-ում մեծ հայկական համայնք կա և ԱՄՆ-ն որպես ժողովրդավարական երկիր, հաշվի է նստում նրա մտահոգության հետ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ իր երկիրը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ ու կայուն երկիր, ինչն ավելի լավ գործընկեր կդարձնի նրան ԱՄՆ-ի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---