Ալեքսանդր Արզումանյան. Ղարաբաղյան գործընթացը փակուղի է մտել և այլևս հայանպաստ չէ

Ալեքսանդր Արզումանյան. Ղարաբաղյան գործընթացը փակուղի է մտել և այլևս հայանպաստ չէ

PanARMENIAN.Net - «Եթե մինչև Ռոբերտ Քոչարյանի` իշխանությունից հեռանալը ԼՂՀ-ն ընդգրկված չէր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ապա այսօր մենք գտնվում ենք ավելի վատ վիճակում` Հայաստանն ինքն է ցանկացած գործընթացից դուրս գտնվում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքերով, այսօր չկա այն Հայաստանը, որի հետ հաշվի է նստում ինչ-որ միջազգային կառույց կամ պետություն: «Մենք մնացել ենք բանակցություններից այս կողմ: Մենք թերթերից ենք իմանում, որ ղարաբաղյան հակամարտությունը քննարկել են Անկարայում, քննարկելու են Կանադայում կամ ԱՄՆ-ում, իսկ հայտարարությունները սահմանափակվում են տարբեր ֆորումներում»,- նշել է Արզումանյանը: Միաժամանակ նա ավելացրեց, որ դրա պատճառը երկրում լեգիտիմ իշխանության բացակայությունն է:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հետագա զարգացումներին`Արզումանյանն ասաց, որ գործընթացը փակուղի է մտել և այլևս հայանպաստ չէ: «Այս դրությունից դուրս գալու միակ ելքը նախագահի հրաժարականն է, արտահերթ ընտրությունների անցկացումը և լեգիտիմ իշխանության ձևավորումը»,- հայտարարել է ԱԳՆ նախկին ղեկավարը: Նրա խոսքերով, միայն դրանից հետո ՀՀ-ն և Ղարաբաղը կկարողանան միջազգային հանրության հետ քննարկել գոյություն ունեցող հարցերը: «Այսօր Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն ներկայացնել ինչ-որ մեկին: Ներկա իրավիճակում լուծումներ չկան: Այսօրվա լուծումը պատերազմն է»,- ասել է նա:

Սակայն Արզումանյանը նշել է, որ Ադրբեջանը չի գնա պատերազմի, եթե համոզված չլինի, որ արդյունքում տարածաշրջանում ստատուս-քվոն կփոխվի իր օգտին: Միաժամանակ Արզումանյանը նշեց, որ այսօր պատերազմ հնարավոր չէ ուժերի հարաբերակցության պատճառով:

 Ուշագրավ
---