Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Սերժ Լագոշի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպաններ Վիգեն Չիթեչյանը և Սերժ Սմեսովը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց բոլոր ուղղություններով կայուն զարգացող հայ-‎‎ֆրանսիական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ փոխգործակցության զարգացման համար լուրջ գործոն են հանդիսանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, ինչպես նաև միջխորհրդարանական ամուր հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև պատմամշակութային դարավոր կապերը և Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ֆրանսիայի Սենատի և Հայաստանի Ազգային ժողովի միջև կապերը միշտ եղել են բավականին ակտիվ և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում կարևորեց բարեկամության խմբերի դերը: ԱԺ նախագահը շեշտեց, որ ԵՄ-ի հետ մերձեցումը և եվրաինտեգրման քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության և ներքին բարեփոխումների գերակայություններից են և Հայաստանում շարունակվում են ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարևորում է հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի: Պարոն Աբրահամյանը անդրադարձավ նաև վերջին շրջանում առավել հաճախ դարձած ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններին և Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքին, որին զոհ դարձան 5 հայ զինծառայող, մտահոգություն հայտնելով , որ միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք չեղավ և Ադրբեջանի գործողությունները չդատապարտվեցին, ինչը կբացառեր նման դեպքերի կրկնվելը: ԱԺ նախագահը խոսեց նաև հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման հնարավորությունների մասին:

Սերժ Լագոշն իր հերթին կարևորեց խորհրդարանների միջև հարաբերությունների խորացման, շփումների, փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը կնպաստի Ֆրանսիա-Հայաստան փոխգործակցության առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Նա բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջանքերն ուղղված Ֆրանկո‎ֆոնիայի զարգացմանը Հայաստանում և Երևանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի 23-րդ համաժողովի անցկացումը: Ֆրանսիայի Սենատի անդամը նույնպես կարևորեց ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

Երկուստեք կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը և միջազգային կառույցներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
---