Ազգային ժողովում տեղի ունեցավ համատեղ աշխատանքային նիստ

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության համատեղ աշխատանքային նիստ, որին հրավիրվել էր մասնակցելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նիստի սկզբում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համապարփակ տեղեկատվություն տրամադրեց Ալմաթիում տեղի ունեցած վերջին հանդիպման, ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարի և երկու պատվիրակությունների անդամների միջև մտքերի փոխանակություն տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի, ինչպես նաև հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր միջազգային կառույցներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունների և երկրի արտաքին գերատեսչության աշխատանքը համակարգելու խնդիրներին: Պատվիրակության անդամները հնչեցրին առաջարկներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դարձնելու խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը միջազգային տարբեր կառույցներում, ինչպես նաև ներկայացվեցին մեխանիզմներ ԱԺ-ԱԳՆ կապն առավել գործուն դարձնելու համար:

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բրյուսելյան վերջին այցի վերաբերյալ` հատուկ շեշտադրելով խորհրդարանական համագործակցության խնդիրները: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց նաև Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի` «Եվրանեսթի» շուրջ ծավալված վերջին զարգացումները` տեղեկացնելով, որ ամենայն հավանականությամբ «Եվրանեսթը» սեպտեմբերին կգումարի առաջին նիստը:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկատվություն տրամադրեց Վարշավա կատարած իր վերջին այցի վերաբերյալ, որտեղ քննարկվել է Արևելյան գործընկերության ծրագիրը: Տիկին Զոհրաբյանը տեղեկություն տրամադրեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի` նոյեմբերին կայանալիք նիստի վերաբերյալ:

Քանի որ նիստի օրակարգը չսպառվեց, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս մեկ անգամ հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` միջխորհրդարանական դիվանագիտության խնդիրները առավել ընդգրկուն քննարկելու համար, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---