Շիրակ Թորոսյան. Վրաստանը ցանկանում է ձերբազատվել հայկական գործոնից Ջավախքում

Շիրակ Թորոսյան. Վրաստանը ցանկանում է ձերբազատվել հայկական գործոնից Ջավախքում

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները, ելնելով Վրաստանից Հայաստանի հաղորդակցային կախվածությունից, հակահայկական քաղաքականություն են վարում Ջավախքում: Նրանք բացահայտ ասում են, որ ջավախահայության ազգային խնդիրների մասին ցանկացած խոսակցություն սրում է հայ-վրացական հարաբերությունները: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի, Վրաստանը ցանկանում է ձերբազատվել Ջավախքի հայերից, որպեսզի նրանք չդառնան ազդեցության գործոն Հայաստանի ձեռքում: «Ջավախքի վերջնական հայաթափումը կվատթարացնի նաև Հայաստանի վիճակը, քանի որ արդեն չի լինի այն հայկական գործոնը Վրաստանում, որը կարող է զսպել վրաց իշխանությունների ՀՀ հանդեպ կամայական գործողությունները»,-ասել է նա:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ վիճակում է Շիրակ Թորոսյանի հարցը, որին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան, նա նշել է, որ դեռ ոչինչ չի փոխվել: «Շուրջ մեկ ամիս առաջ Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից ինձ հրավիրեցին Թբիլիսի քննարկելու համար Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրները: Սակայն, միևնույն է, Վրաստանի իշխանությունները թույլ չտվեցին ինձ մեկնել Թբիլիսի»,-ասել է հայ պատգամավորը:

Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---