ԻՐԱՆԻ ԲԱՆԱԿԸ ԲԱՔՈՒ ԿՀԱՍՆԻ ԵՐԵՔ ՕՐՈՒՄ, ԵՆԹԱԴՐՈՒՄ Է «ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ԹԵՐԹԸ

PanARMENIAN.Net - Չնայած պաշտոնական Բաքուն հերքում է ամերիկյան «հակաիրնյան դաշինքում» Ադրբեջանի մասնակցության մասին տեղեկատվությունները, սակայն ռուսաստանյան մամուլը շարունակում է վերլուծել Իրանի դեմ ռազմական հարձակմանը Բաքվի մասնակցության հնարավոր հետեւանքները: Ինչպես գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը, ենթադրվող հակամարտության մասնակիցների ուժի եւ միջոցների հարաբերության վերլուծությունը ցույց է տալիս, որ Իրանի հնարավորություններն ուղղակի անհամադրելի են Ադրբեջանի ներուժին: Քանզի Բաքուն չունի ոչ միայն հակահրթիռային, այլեւ ժամանակակից հակաօդային պաշտպանություն, ապա Թեհրանի առաջին հարվածն ավելի իրական է «Սկադ» եւ «Մուվահակ» տիպի հրթիռների միջոցով: Դրանց թռիչքի հեռվությունը թույլ է տալիս հասնել Ադրբեջանի տարածքում գտնվող համարյա բոլոր օբյեկտներին: Այնուհետեւ Ադրբեջանի ուղղությամբ հնարավոր է հետեւեն օդային հարվածներ: Ադրբեջանն իրականում չի կարող պատասխանել այդ ռմբակոծություններին: «Սարքին ինքնաթիռները համարյա բացակայում են, օդաչուներ չկան, հակաօդային պաշտպանության մարտունակ միջոցները ներկայացված են խոշոր տրամաչափի գնդացիրներով»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Թերթը հրավիրում է ուշադրությունը նաեւ այն բանի վրա, որ Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանի ձգվածությունը կազմում է մի քանի հարյուր կիլոմետր: Հետեւաբար չի կարելի բացառել, որ Ադրբեջանի ուղղությամբ հնարավոր նախազգուշական հարվածը կիրականացնեն Իրանի ռազմական ուժերի հրետանային ստորաբաժանումները: Թեհրանն իր տնօրինության տակ ունի ավելի քան 2000 կտոր զենք` ներառելով 203,2 միլիմետրանոց հեռահար թնդանոթները: Այդ պատճառով հավանական է, որ Ադրբեջանի սահմանամերձ քաղաքները եւ ռազմական օբյեկտները կարող են ենթարկվել Իրանի հրետանու հանկարծակի կրակային հարվածների: «Ադրբեջանի տարածք կներխուժեն Իրանի ցամաքային զորքերի զգալի խմբավորումներ եւ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսները»: ...Դժվար թե Բաքուն կարողանա կազմակերպել ... իրական դիմադրություն` ֆանատիկորեն տրամադրված իրանական բանակին, որն ունի 1980-1988 թվականների պատերազմի համարյա տասնամյա փորձ: Երեք օրվա ընթացքում Իրանի առաջատար ջոկատները կլինեն Բաքվի մատույցներում»,- կանխատեսում է «ՆԳ»: Բնականաբար, Թեհրանի նման նախազգուշական գործողությունները կհանգեցնեն այդ երկրի հետ լայնածավալ պատերազմի: Ավելի շուտ իրադարձությունները կզարգանան հատկապես այդ հունով այնքան ժամանակ, քանի դեռ չեն միջամտի Միացյալ Նահանգները: Ռազմական հակամարտությանը Պենտագոնի միջամտելուն պես Իրանի «կայծակնային պատերազմը» միանգամից կավարտվի, եւ մի քանի շաբաթ անց այաթոլլա Հոմենիին կսպասվեր Սադդամ Հուսեյնի ճակատագիրը: Այդ պատճառով, պետք է ենթադրել, որ Իրանի մայրաքաղաքից վերջերս Բաքվի հասցեին հնչող սպառնալիքները միայն կդրդեն Ադրբեջանին մտնել ՆԱՏՕ, առանց որի նա նույնիսկ Իրանի առջեւ անպաշտպան է, եզրակացնում են ռուսաստանյան փորձագետները:
 Ուշագրավ
---