Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ է հանձնել Ֆիլիպ Սյուինենին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյուինենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած Վալոնիայի եւ Բրյուսելի մի քանի տասնյակ գործարարների պատվիրակությունը:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց տարեցտարի ակտիվացող հայ-բելգիական տնտեսական համագործակցությամբ` նշելով, որ այդ գործում իրենց լուրջ ներդրումն ունեն պարբերաբար կազմակերպվող հայ-բելգիական գործարար համաժողովները, հայ եւ բելգիացի գործարարների փոխադարձ այցելությունները:

Ֆիլիպ Սյուինենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ սա Բելգիայի ֆրանսախոս համայնքի գործարարների արդեն երրորդ այցելությունն է Հայաստան, եւ ամեն անգամ Երեւան ժամանող գործարարների թիվը նկատելիորեն աճում է: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության եւ դրա շրջանակներում համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Նախարար Նալբանդյանի խնդրանքով` Ֆիլիպ Սյուինենը ներկայացրեց Բելգիայում տեղի ունեցող գործընթացները եւ ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Հայ-բելգիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆիլիպ Սյուինենին հանձնեց ԱԳՆ մեդալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---