Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան երեսպաշտորեն օգտագործում է կարգավորման գործընթացը` որպես ծխածածկույթ այն անհիմն պնդման համար, թե տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը կարող է վնասել կարգավորման գործընթացին: Մինչդեռ, մենք գործընթացի սկզբից թե° թուրք գործընկերների հետ շփումներում, թե° հրապարակավ պարզ ասել ենք, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը: Այս մասին Wall Street Journal-ում տպագրված հոդվածում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Ճշմարիտ հաշտեցումը չի նշանակում մոռանալ անցյալը և երիտասարդ սերունդներին հրամցնել ժխտման հեքիաթներ: Չնայած այն փաստին, որ Թուրքիան 95 տարի շարունակ ժխտում է Հայոց Ցեղասպանությունը, հայկական կողմը չպահանջեց դրա ճանաչումը` իբրև հարաբերությունների կարգավորման նախապայման: Պարադոքսալ է, որ հենց Թուրքիան է փորձում ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահարկել այս հարցը` դարձնելով այն նախապայման:

Հայաստանը նախաձեռնեց այդ գործընթացը և ջանք չխնայեց, որպեսզի այն հաջողությամբ պսակվի: Հանգամանքների բերումով, երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղում էր դեպի փակուղի, Հայաստանը ստիպված էր կասեցնել վավերացման գործընթացը: Հայաստանը դեռ մնում է կարգավորման գործընթացում, ինչը աշխարհի ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց: Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններն ավարտվել են արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ո°չ «լուռ դիվանագիտություն», ո°չ Ցյուրիխի «երկրորդ շրջան», ո°չ բանակցությունների որևէ նոր փուլ, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը: Այս երկարատև գործընթացում առկախված միակ քայլը հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումն է`առանց հետագա ձգձգման: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ, եթե Թուրքիան վերստին պատրաստ կլինի կարգավորման գործընթացում առաջ գնալ առանց նախապայմանների:

Այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներ հիշեցնում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանն իր բաժինն արել է, և որ Թուրքիան պետք է ձեռնարկի այն քայլերը, որ նա խոստացել էր կատարել»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
---