Էդվարդ Նալբանդյան. Միջազգային հանրության մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին

Էդվարդ Նալբանդյան. Միջազգային հանրության մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին

PanARMENIAN.Net - Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարեւոր հանգրվան էր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն արձանագրելու առումով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով գագաթնաժողովի արդյունքները: Ըստ նրա, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանյան Դաշնության, Ադրբեջանի նախագահների, Ֆրանսիայի վարչապետի եւ ԱՄՆ պետքարտուղարի կողմից գագաթաժողովի շրջանակներում արված համատեղ հայտարարությամբ ամրագրվում է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով: Նալբանդյանը նշել է, որ Աստանայում ներկա ԵԱՀԿ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները իրենց ելույթներում ընդգծում էին ուժի կամ ու ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիության մասին: Դա իր ելույթում հատուկ շեշտեց Ռուսաստանի նախագահը: «Կարծում եմ, որ դա լուրջ նախազգուշացում է Ադրբեջանի ղեկավարությանը»,-ասել է նա:

ԱԳ նախարարը նշել է նաև, որ միջնորդ երեք երկրները Աստանայում կոչ արեցին կողմերին` ջանքերը կենտրոնացնել կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջացման վրա: Սա հստակ պատասխան է հիմնարար սկզբունքների համաձայնեցումից խույս տալու Բաքվի փորձերին:

«Աստանայի համատեղ հայտարարությամբ կարեւորվում են Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների 2008 թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը եւ 2010 թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանյան հայտարարությունը, ու ընդգծվում է, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009 թ. հուլիսի 10-ի Լ’Ակվիլայի եւ 2010 թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ կարեւոր հանգամանք է նշել, որն իր ելույթում Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծեց եռանախագահող երկրների անունից. առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, եւ որեւէ մեկի` մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը: Ֆրանսիայի վարչապետը եւս իր ելույթում ընդգծեց ներկայացված առաջարկների ամբողջականությունն ու անբաժանելիությունը: «Նույն մոտեցումն էր արտահայտված նաեւ Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողմից արված համատեղ հայտարարության մեջ: Այդ մոտեցումը ակնհայտ դժգոհություն էր առաջացրել Բաքվում: Իսկ մենք հայտարարեցինք, որ կիսում ենք այդ տեսակետը»,-ասել է նախարարը:

Բացի հնգակողմ հայտարարությունից, ԵԱՀԿ բոլոր 56 անդամ երկրներն ընդունեցին գագաթնաժողովի հռչակագիրը, որում ասվում է, որ ջանքեր պետք է գործադրվեն առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ`խաղաղ եւ բանակցային ճանապարհով, գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում` ամբողջովին հարգելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ամրագրված են ինչպես Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ, այնպես էլ Հելսինկյան եզրափակիչ ակտում: Կցանկանայի եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել “գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում” ձեւակերպման վրա, ինչը եւս պատասխան է հիմնախնդրի կարգավորումը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու Բաքվի շարունակական փորձերին:

Վերոհիշյալին հարկ է ավելացնել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները, որոնք արտահայտված են նաեւ ԵԱՀԿ 56 անդամ պետությունների նախարարական 2008 թ. դեկտեմբերի Հելսինկիի, 2009 թ. դեկտեմբերի Աթենքի եւ 2010 թ. հուլիսի Ալմաթիի հանդիպումների շրջանակներում ընդունված հայտարարություններում: Միջազգային հանրության այս բոլոր մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին, որոնք մենք բազմիցս արտահայտել ենք: «Դա տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ ինչպես եւ մենք, միջազգային հանրությունը եւս ցանկանում է բանակցային գործընթացի շարունակումը եւ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը` միջազգային մանդատով օժտված միջնորդների կողմից առաջարկված վերոհիշյալ սկզբունքների հիման վրա»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---