Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարարի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար տիկին Անկա Բոաջիուի հետ, որը ռումինական կողմից գլխավորում է հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները, այդ առումով կարևորելով մարտի 10-ին նախատեսված Միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի գումարումը Բուխարեստում: Նիստի օրակարգում ընդգրկված են առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի, ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր:

Նախատեսվում է նաև Միջկառավարական նիստին զուգահեռ Բուխարեստում կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում` երկու կողմերի առևտրատնտեսական հաստատությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուկ Վարդանյանը: Տիկին Բոաջիուի հետ անդրադարձ կատարվեց նաև կրթական և գիտատեխնիկական ոլորտում մի շարք ծրագրերի և համաձայնագրերի իրականացման հարցերին:

Նույն օրը դեսպան Գասպարյանը հանդիպել էր նաև Ռումինիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Բոգդան Աուրեսկուի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել էին հայ-ռումինական երկկողմ, ինչպես նաև ԵՄ, մասնավորապես Արևելյան գործընկերության նախաձեռնության, ինչպես նաև Հյուսիսանտլանտյան դաշինքի և Սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում հարաբերությունների խորացման հարցեր:

Երկուստեք ընդգծվեց, որ հայ-ռումինական կապերն օժտված են զգալի ներուժով և ունեն զարգացման որոշակի հեռանկարներ`այդ համատեքստում հատուկ ուշադրություն դարձվեց նախատեսված օրակարգային միջոցառումների ու ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացմանը, որոնք ընդգրկում են առևտրի և տնտեսության, տուրիզմի, մշակույթի, կրթության և գիտության ոլորտները, ինչպես նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---