ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտներին

ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտներին

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ավարտական վկայականներ հանձնեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի «Դիվանագիտական կադրերի պատրաստման» դասընթացի անդրանիկ շրջանավարտներին: Արարողությանը, որին ներկա էին նաեւ դպրոցին աջակցող միջազգային կառույցների ներկայացուցիչները՝ ԵՄ պատվիրակության եւ ԵԱՀԿ գրասենյակների ղեկավարները, շնորհավորելով շրջանավարտներին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշեց.

«Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցի առաջին դասընթացը ավարտելու կապակցությամբ: Այսուհետ ձեր անունը գրված է լինելու Դիվանագիտական դպրոցի պատմության առաջին էջին:

Մեր դպրոցր նոր դպրոց է. մեկ տարի է միայն գործում, եւ վստահ եմ, որ տարեցտարի ավելի կայացած կդառնա, արդյունավետ կլինի` Արտաքին գործերի նախարարության համար կադրեր պատրաստելու եւ վերապատրաստելու գործում:

Ես կցանկանայի նաեւ նշել, որ այս դպրոցը հնարավոր եղավ ստեղծել` ի շնորհիվ այն մեծ ուշադրության եւ հոգատարության, որ ցուցաբերեց մեր երկրի ղեկավարությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահը, եւ նաեւ այն աջակցության շնորհիվ, որ ցուցաբերվել է մեր դպրոցին նաեւ Եվրոպական Միության-ի կողմից, ԵԱՀԿ-ի կողմից: Այսօր այստեղ են գտնվում ԵՄ պատվիրակության եւ ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարները` պարոն Լյուցենբերգերը եւ պարոն Կապինոսը. ես կցանկանայի նրանց շնորհակալություն հայտնել:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել իրենց աջակցությունը բերած բոլոր երկրներին, այդ երկրների արտաքին գործերի նախարարություններին, դիվանագիտական ուսումնական հաստատություններին:

Ձեզնից մի մասը, որոնք հաջողությամբ անցել են դասընթացը, տվել են առավել հաջողությամբ քննությունները, նաեւ ավարտական քննությունները, համալրելու են Արտաքին գործերի նախարարության շարքերը:

Գիտեք, որ ԱԳՆ ընդունվածները վեց ամսվա փորձաշրջան պետք է անցնեն, եւ դրանից հետո դիվանագետ կդառնան: Համոզված եմ նրանց համար, ովքեր այդ հնարավորությունը չեն ունենալու, այլ հեռանկարներ կբացվեն: Հուսով եմ, որ այս ամենը կշարունակվի, եւ ապագայում կգա մի օր, որ արտգործնախարարության միգուցե ոչ բոլոր դիվանագետները, բայց մեծամասնությունը կլինի ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտները: Շնորհավորում եմ բոլորին եւ հաջողություն եմ ցանկանում:»

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Դիվանագիտական դպրոցի լավագույն 12 շրջանավարտները համալրեցին դիվանագիտական ծառայության շարքերը եւ փորձաշրջանը հաջողությամբ ավարտելու պարագայում կստանան իրենց առաջին դիվանագիտական աստիճանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---