Տիգրան Փոստանջյանին ներկայացված կաշառակերության մեղադրանքն ուղղված է կուսակցության դեմ, գտնում է «Ժառանգությունը»

Տիգրան Փոստանջյանին ներկայացված կաշառակերության մեղադրանքն ուղղված է կուսակցության դեմ, գտնում է «Ժառանգությունը»

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ հասարակական գործիչ Տիգրան Փոստանջյանին ներկայացված կաշառակերության մեղադրանքն ուղղված է ինչպես ողջ կուսակցության, այնպես էլ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի դեմ, որը նրա քույրն է: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց խմբակցության քարտուղար Լարիա Ալավերդյանը, դա վկայում է այն մասին, որ իշխանությունը նոր քարոզարշավ է սկսել քաղաքականապես ակտիվ մարդկանց դեմ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են մաքրել հաշիվներն այն մարդկանց հետ, որոնք կարող են վտանգ ներկայացնել: Նրա խոսքով, ձեռնոց է նետվել Զարուհի Փոստանջյանին և «Ժառանգություն» կուսակցությանը: «Մենք ընդունում ենք մարտահրավերը»,- հայտնեց նա:

Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Հակոբյանը հաղորդեց, որ մեղադրանքը հիմնված է միայն մեկ մարդու ցուցմունքների վրա, ընդ որում, գլխավոր դատախազությունը խախտել է անմեղ լինելու կանխավարկածը` Տիգրան Փոստանջյանին մեղավոր անվանելով կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության մեջ: «Այդպես ցանկացած մարդու ինչում ասես կարելի է մեղադրել»,- ասաց նա: Ինչպես նշեց Զարուհի Փոստանջյանը, իրեն մերժել են տրամադրել մեղադրանքի մանրամասները` վկայակոչելով քննության գաղտնիությունը: «Ես չեմ պատրաստվում նահանջել, սա սրբազան պատերազմ է, որում մենք հաղթելու ենք»,- հայտնեց Զարուհի Փոստանջյանը: Նա ընդգծեց, որ իր կողմից է հանրությունն ու «Ժառանգությունը»:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ով կարող է շահագրգռված լինել Տիգրան Փոստանջյանի դեմ գործ հարուցելու հարցում, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ «այդ մարդկանց ցուցակն անվերջ է»: «Ժառանգություն» կուսակցությունն ակտիվ աջակցություն է ցուցաբերել վերջերս Գյումրիում և Վանաձորում կայացած վարորդների ցույցին:

 Ուշագրավ
---