ԱԼԻԵՎԸ ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ

PanARMENIAN.Net - 09.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ադրբեջանի ԶԼՄ-ները շարունակում են քննարկել նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի` Փարիզում կայացած հերթական հանդիպման արդյունքները, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:

Մասնավորապես, ընդդիմադիր «Յենի Մուսավաթ» թերթը համոզմունք է հայտնել, որ Ղարաբաղյան կարգավորմանը ուղղված Ալիեւի քաղաքականությունը պարտություն է կրել: Թերթը պնդում է, որ փարիզյան բանակցությունների ժամանակ առավելությունը Քոչարյանի կողմն էր, իսկ Հեյդար Ալիեւի նկատմամբ վերաբերմունքը բավականին սառն էր:

Հոդվածի հեղինակը գրում է, որ այս անգամ Ժակ Շիրակը եւ Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ համաձայնություն են պահանջել Ալիեւից: Վերջինս հերթական անգամ ժամանակ է խնդրել` «ժողովրդին հանգստացնելու եւ իրավիճակը պարզաբանելու համար»: Թերթի վարկածի համաձայն, Քոչարյանը եւ Շիրակը վրդովվել են Ալիեւից եւ հայտարարել են, որ նրան այլեւս չեն հավատում:

Այժմ, գրում է թերթը, Հեյդար Ալիեւը ուղիներ է որոնում` իրավիճակից դուրս գալու համար: «Տարբերակներից մեկը` ճնշումների եւ ռազմական գործողությունների կիրառումն է: Սակայն այդ ուղին բոլորիս տանում է դեպի աղետ, քանի որ Ալիեւի ղեկավարման օրոք մեզ չհաջոզվեց հաղթանակել խաղաղ բանակցությունների ընթացքում եւ պատերազմի վերսկսման դեպքում մենք նույնպես պարտության ենք դատապարտված»:

Հոդվածի հեղինակները գտնում են, որ Ալեւի` մարտին Թուրքիա կատարելիք այցը կարող է որոշիչ դեր ունենալ այս գործընթացում:


 Ուշագրավ
---