Կարեն Ավագյան. Հայաստանում երիտասարդությունը չափազանց քաղաքականացված է

PanARMENIAN.Net - Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբում տեղի ունեցավ «Որքանով է երիտասարդությունը ներգրավված երկրի հասարակական-քաղաքական կյանքի մեջ» քննարկումը: Ինչպես նշեց «Բազե» ակումբի ղեկավար Սամվել Մերթարջյանը, «Բազե» ակումբի այս հերթական քննարկումը նվիրված է երիտասարդության խնդիրներին և կոչված է լսելի դարձնելու երիտասարդության ձայնը: «Երիտասարդությունը բավական ակտիվ է, պարզապես պետք է ականջ դնել նրան և համակարգել նրա աշխատանքը»,- հայտնեց նա լրագրողներին քննարկման բացումից առաջ:

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանում երիտասարդությունը չափազանց քաղաքականացված է: «Մեր երիտասարդությունը, ցավոք, քիչ է ներգրավված երիտասարդական գործընթացների և շատ ավելի` քաղաքական գործընթացների մեջ»,- նկատեց նա: Շատ երիտասարդներ փորձում են քաղաքական կուսակցությունների օգնությամբ կարիերա կառուցել, ասաց Կարեն Ավագյանը` օրինակ բերելով երիտասարդական խորհրդարանը: «Այդտեղ հայտնվել ցանկացողներից շատերն անգամ չգիտեն, թե կոնկրետ ինչով է զբաղվելու այդ երիտասարդական խորհդարանը»,- հեգնանքով նկատեց պատգամավորը: Նա երիտասարդներին կոչ արեց բացի քաղաքականությունից ավելի ակտիվ ներգրավվել երկրում տեղ գտնող գործընթացներում` նշելով, որ երիտասարդությունը միշտ էլ թարմություն է հաղորդում ցանկացած գործին, նրան հատուկ են խանդավառությունն ու մերկանտիլության բացակայությունը:

 Ուշագրավ
---