Կիրո Մանոյանը ողջունում է մահմեդականացված հայերի վերաինտեգրումը հայ հանրությանը

Կիրո Մանոյանը ողջունում է մահմեդականացված հայերի վերաինտեգրումը հայ հանրությանը

PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը պետք է ընդհանուր մոտեցում մշակի համշենահայերի և մահմեդականացված հայերի հարցում՝ նպաստելով նրանց ինտեգրմանը հայ հանրությանը, նույնիսկ եթե նրանք ցանկանում են մահմեդական մնալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Եթե մենք ընդունում ենք աթեիստ հայերի, ինչո՞ւ պետք է չընդունենք մահմեդական հայերին»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, հարկավոր է ողջունել այն, որ այդ մարդիկ իրենց հայ են համարում և ցանկանում են հայ մնալ:

Մանոյանը մասնավորապես ողջունել է Ղրղզստանում բնակվող շուրջ 200 համշենահայերի Արցախ տեղափոխվելու մտադրությունը: Ըստ նրա, կարելի է միայն ողջունել հայ ընտանիքների վերադարձը Հայաստան և մասնավորապես՝ Արցախ: Նա հավելել է, որ վտանգավոր չի համարում մահմեդականների հաստատումն Արցախում՝ հեգնանքով հավելելով, որ որոշ քրիստոնյաներ ևս կարող են վնասել Արցախին: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատուն նշել է նաև, որ Արցախի բնակեցման համար ոչ միայն պետական աջակցություն է հարկավոր, այլ նաև ողջ հայության աջակցությունը:

 Ուշագրավ
---