Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ ուսանողներին պատմեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին

Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ ուսանողներին պատմեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երևանի Պետական համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ մայր բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմի և տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, հանդիպումը նախաձեռնել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը` Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձի շրջանակներում: Հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ ուսանողներից շատերը մոտավորապես նույն տարիքն ունեն, ինչ Հայաստանի նորանկախ պետությունը, և որ «ձեր հաջողությունները մեր երկրի հաջողություններն են լինելու»: Նա ուսանողներին հիշեցրել է նաև, որ ԵՊՀ շատ ուսանողներ ՀՀ ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներն ու շրջանավարտներն են:

Էդվարդ Նալբանդյանը նաև հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, հարաբերությունները տարբեր երկրների հետ և դրանց ընդլայնման ուղղված քայլերը, միջազգային բեմահարթակում ընթացող գործընթացների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները, արտերկրում Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախարար Նալբանդյանը պատմեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին և պատասխանեց ուսանողների հարցերին:

 Ուշագրավ
---