ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԲԱՔՈՒ` ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՆԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Բաքվում սկսվել է հունիսին Ադրբեջանի տարածքում անցկացվելիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» բազմազգ զորավարժությունների նախապատրաստմանը նվիրված խորհրդաժողովը: Հիշեցնենք, որ խորհրդաժողովին մասնակցելու մտադրություն էր հայտնել նաեւ հայկական կողմը: Մինչդեռ, ինչպես հաղորդում են Բաքվի աղբյուրները, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» եւ այլ ադրբեջանական կազմակերպությունների ակտիվիստները երեկվանից հերթապահում են Բաքվի «Բինա» օդանավակայանում, խորհրդաժողովին մասնակցելու համար Ադրբեջանի մայրաքաղաք հայ զինվորականների ժամանումը խոչընդոտելու նպատակով: Սակայն, ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, նրանց սպասումները դիմավորելու հայերին` Թբիլիսիից երեկ ժամը 19:05-ին վայրէջք կատարած չվերթով, իզուր էին: Ինչպես ենթադրում են Բաքվի ԶԼՄ-ները, հնարավոր է, որ հայ զինվորականները կժամանեն այսօր` չվերթով Մոսկվայից կամ Ստամբուլից: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության, Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունը անցյալ շաբաթ առանց որեւէ բացատրության մերժել է հայ սպաներին տալ Ադրբեջան մուտքի արտոնագրեր, սակայն հայկական պատվիրակությունը կաաշխատի դրանք ստանալ Բաքվի օդանավակայանում:
 Ուշագրավ
---