Ռուսաստանի օրվա առթիվ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի ժողովրդին մաղթել է բարգավաճում և բարօրություն

Ռուսաստանի օրվա առթիվ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի ժողովրդին մաղթել է բարգավաճում և բարօրություն

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Կառավարության ղեկավարը ողջունել է ներկաներին և հանդես է եկել ելույթով:

«Հայաստանի կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանատան ողջ անձնակազմին, ինչպես նաև բոլոր ներկաներին նշանակալի տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ։ Տոնական այս օրը Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում, բարեկեցություն և բոլոր մտահղացումների և սպասումների իրականացում։

Այսօր, երբ նշվում է Ռուսաստանի օրը, գոհունակությամբ կցանկանայի արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ձևավորված ավանդական բազմաբովանդակ կապերը և դաշնակցային փոխգործակցությունը տարեցտարի բնորոշվում են առաջընթացային զարգացմամբ և որակապես նոր բովանդակությամբ։ Առաջին հերթին դա վերաբերում է մեր փոխշահավետ համագործակցության կազմակերպչական-տեղեկատվական բաղադրիչի խորացմանը և հարստացմանը։ Ինտենսիվ և պարբերական բնույթ են կրում բարձր մակարդակի հանդիպումները և համաձայնությունները։ Ընդ որում, ավանդաբար երկկողմանի երկխոսությունը ծավալվում է փոխհամաձայնության և վստահության մթնոլորտում», - ասել է վարչապետը:

«Մենք ակնհայտորեն տեսնում ենք մեր փոխադարձ ջանքերի արդյունքները։ Հայաստանի տնտեսությունում հետևողականորեն աճում է ռուսական ուղղակի ներդրումների ծավալը։ Կատարելագործվում է ապրանքաշրջանառության բովանդակությունը և կառուցվածքը մեր երկրների միջև, հիմնադրվում են համատեղ բազմապրոֆիլ ձեռնարկություններ և կազմակերպություններ։ Ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն աշխատում է լիարժեք և հագեցած ծրագրով։ Մշտապես զարգանում և կատարելագործվում է իրավապայմանագրային դաշտը` ինչպես միջպետական, այնպես էլ միջտարածաշրջանային և գերատեսչությունների մակարդակով։ Իրավական նման կանոնակարգումը թույլ է տալիս մեզ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում հաջող և արդյունավետ իրականացնել համատեղ բարդ և կարևոր նախագծերը, որոշակիացնել և ուղղորդել մեր պետությունների տարածաշրջանների միջև համագործակցությունը, սահմանել բազմակողմ հումանիտար կապերի խորացման ալգորիթմը։

Վստահ եմ` մեր համագործակցության ռազմավարական բազան այսուհետև ևս կձևավորի և կորոշի հայ-ռուսական փոխշահավետ գործընկերության հզոր ներուժը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը կծառայի որպես դրա վստահելի երաշխիք։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ներկաներին Ռուսաստանի օրվա տոնի առթիվ և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթում երջանկություն ու բարգավաճում։

Շնորհակալություն ուշադրության համար», ավարտել է խոսքը ՀՀ վարչապետը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---