ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցչին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեին:

Փոխվարչապետը շնորհավորեց հյուրին առաքելության ստանձնման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի եւ կարձանագրվեն նոր հաջողություններ: Նա նշեց, որ գրասենյակը մշտապես աջակցել է ՀՀ կառավարությանը` փախստականների խնդիրների լուծման հարցում եւ գործակցության լավ օրինակ համարեց սոցիալական տների ստեղծման համատեղ փորձը: Ներկայացնելով իրավիճակը` Ա. Գեւորգյանն ընդգծեց, որ փախստականների խնդիրները եղել եւ մնում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Նշվեց, որ թեեւ փախստականներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, եւ այդ նպատակով Հայաստանում նախատեսվում է կազմակերպել միջազգային դոնոր կազմակերպությունների համաժողով:

Դամթյու Դեսալեյնեն նշեց, որ փոխվարչապետ Ա. Գեւորգյանն առաջին պաշտոնյան է, ում հանդիպում է Հայաստանում, ինչը, ըստ նրա, վկայում է ՀՀ կառավարության եւ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի սերտ գործակցության մասին: Նա իր հերթին պատրաստակամություն հայտնեց անել հնարավորը` համագործակցությունը շարունակելու եւ համատեղ նոր նախաձեռնություններ, գաղափարներ կյանքի կոչելու ուղղությամբ: ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչն ասաց, որ տեղեկացված է համաժողովի մասին եւ նշեց, որ պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել համաժողովի նախապատրաստմանն ու անցկացմանը: Անդրադարձ եղավ նաեւ համաժողովի հետ կապված այլ կազմակերպչական հարցերի, հայտնում է հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---