Սփյուռքի համայնքներում հայկական վարժարանները վտանգված են

PanARMENIAN.Net - 30 տարիների ընթացքում Թուրքիան աշխարհի 110 երկրներում շուրջ 2000 թուրքական վարժարաններ է ստեղծել, որոնք քաղաքական նպատակ ունեն: Այդ մասին հուլիսի 3-ին Ծաղկաձորում մեկնարկած ՙԱրեւմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում՚ եռօրյա համաժողովի ընթացքում հայտարարեց ֆրանսաբնակ լեզվաբան Կարապետ Տաքէսյանը: Սփյուռքահայ լեզվաբանը համոզված է, որ դպրոցը ոչ միայն կրթական հաստատություն է, այլ նաեւ ինքնության կերտման դարբնոց:

Ազգային վարժարաններն այսօր ոչ միայն լեզվի խնդիր են լուծում, այլ նաեւ` հայապահպանության ու հայեցի դաստիարակության: Նման վարժարաններ գործում են Սփյուռքի մեծ ու փոքր համայնքներում, իսկ Սիրիայում դրանք ավանդաբար մեծ թիվ են ունեցել: Բազմավաստակ մանկավարժ ու լեզվաբան Հակոբ Չոլաքյանը 1983 թվականին 506 հայկական վարժարան է հաշվել, որոնք գործել են Սիրիայի հայկական համայնքներում:

Այսօր արդեն ազգային վարժարանները գործում են` իբերւ մասնավոր դպրոցներ, որոնք, սակայն, ֆինանսավորվում են տեղի իշխանությունների կողմից: Կրճատվել են հայերենի դասաժամերը, սակայն հայեցի կրթության հարցը Սիրիայում լուծում են արտադասարանական պարապմունքներով ու տարբեր խմբակներով: ՙԱյսօր ամենամեծ դերը հենց այս քույր միություններինն է, որտեղ երեխաները դասերից հետո անց են կացնում իրենց ազատ ժամանակը՚,- վստահ է Հակոբ Չոլաքյանը:

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Ջուլիետա Գյուլամիրյանը հինգ անգամ աշխատանքային այցով եղել է Սիրիայում, համագործակցել տեղի արեւմտահայերեն դասավանդող ուսոիցիչների հետ եւ արդյունքում ստեղծել մի շարք դասագրքեր: Տիկին Գյուլամիրյանը լեզվի կրթության հարցում ամենից շատ կարեւորում է նախադպրոցական կրթությունը, երբ երեխաները սովորում են այբուբենն ու անում կարդալու իրենց առաջին փորձերը:

ՙԲաց թողնել մանկապարտեզի տարիքը, նշանակում է խաթարել կրթության շարունակականությունը: Չի կարելի հեգնել գրաճանաչության կարեւորագույն այս փուլը՚,- վստահ է Ջուլիետա Գյուլամիրյանը:

Արեւմտահայերենի դասավանադման խնդիրների շարքում պակաս կարեւոր չէ նաեւ համապատասխան մասնագետների պատրաստման խնդիրը: Ուսուցչի կարիք ունեն գրեթե բոլոր համայքները: Սիրիայում, օրինակ, պետությունը ազգային վարժարանների առաջ խնդիր է դրել` միայն պետական մանկավարժական որակավորում ունեցող ուսուցիչներ ունենալ, ինչը կհանգեցնի մի շարք ուսուցիչների անգործության:

ՙՄենք` որպես պետություն, պարտավոր ենք ուսուչիներ մատակարարել սփյուռքին՚,- նշում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ուրախությամբ տեղեկացրեց նաեւ, որ Հալեպի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն` ուսանողների փոխանակում կատարելու մասին: ՙԱրդեն այս տարի մեկական ուսանող յուրաքանչյուր համալսարանից իր ուսումը կշարունակի մյուս երկրի համալսարանում՚,- տեղեկացնում է Հրանուշ Հակոբյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---