Վալդիս Պելշն Ադրբեջանի «սև ցուցակում» է, և նրան արգելված է մուտք գործել այդ երկիր

PanARMENIAN.Net - Արցախում «Կարոտ» փառատոնի շրջանակներում կայացած համերգին ռուս հայտնի հաղորդավար Վալդիս Պելշի մասնակցությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը հայտարարել է շոումենին «սև ցուցակում» ներգրավելու և երկիր նրա մուտքն արգելելու մասին: Այդ մասին սեպտեմբերի 8-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Կարոտ» միջազգային փառատոնի նախագահ Մեցցո Իգիթյանը:

Իգիթյանը նշել է նաև, որ իրենք Արցախում ադրբեջանցիների կողմից հայկական գյուղի գնդակոծման վկան են դարձել: «Երեկ մենք Արցախ մեկնեցինք, որպեսզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավասությանը հանձնենք Մովսես գյուղի` 1938 թվականին ավերված եկեղեցին, որը վերականգնվել է այդ գյուղի բնակիչ Վազգեն Հովհաննիսյանի միջոցներով: Այդ ժամանակ մենք կրակոցներ լսեցինք ադրբեջանական դիրքերի կողմից և հասկացանք, որ գյուղը գնդակոծում են: Տեղի բնակիչները հաղորդեցին, որ ադրբեջանցիներն այդ գյուղը գնդակոծել են նաև նախորդ օրը»,- ընդգծել է Մեցցո Իգիթյանը:

«Կարոտ» փառատոնն առաջին անգամ անցնում էր Հայաստանում և Արցախում: Փառատոնի բացումը կայացավ սեպտեմբերի 2-ին և նվիրված էր Արցախի Հանրապետության Անկախության օրվան:

Նույն օրը Ստեփանակերտում կանգնեցվեց ճարտարապետ Գրիգորի Պոտոցկու հեղինակած «Բարություն» խորագրով հուշարձանը: Ստեփանակերտը 10-րդ մայրաքաղաքն է, որտեղ կանգնեցվեց այդ հուշարձանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---