Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցների հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 8-ին կառավարությունում հանդիպել է կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցների հետ։

2010 թ. սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած երկօրյա համահայկական համաժողովն անցկացվում է «Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը» խորագրի ներքո։ Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետին է ներկայացրել համաժողովի աշխատանքների արդյունքները։ Նա տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցել է շուրջ 140 արվեստագետներ. 60-ը` 14 տարբեր երկրներից, մյուսները` Հայաստանից։ Սփյուռքի նախարարը զեկուցել է, որ ստեղծվել է կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն և վերջինիս գործունեությունը համակարգող մարմին, ինչպես նաև կազմակերպվել են չորս ցուցահանդեսներ։

Անդրադառնալով արվեստագետների բարձրացրած հարցադրումներին` Հրանուշ Հակոբյանն առանձնացրել է միջազգային ասպարեզում հայ կերպարվեստի գործերի ներկայացումը և արվեստաբանների պատրաստումը։

Համաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և անդրադարձել իրենց հուզող մի շարք հարցերի, մասնավորապես հայ արվեստի միջազգային հեղինակության բարձրացման ու միջազգային չափորոշիչներին համապատասխան արվեստի շուկայի ձևավորման վերաբերյալ։ Նրանք հանդես են եկել մի շարք առաջարկություններով ու նախաձեռնություններով։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին համաժողովին մասնակցելու ու կառուցողական մոտեցումներ ցուցաբերելու համար և նշել. «Մենք փորձում ենք համահայկական այսպիսի հավաքների միջոցով համախմբել մեր արվեստագետներին։ Մեզ մտահոգող խնդիրներն ավելի ճիշտ է միասին քննարկել, որովհետև այդ խնդիրների մեջ պետք է համատեղ որոշենք մեր առաջնահերթությունները և ավելի մեծ ուշադրություն դարձնենք խնդիրներին, որոնք նպատակահարմար է ներկայացնել պետության ուշադրությանը` ակնկալելով լուծումներ»։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել արվեստագետների հնչեցրած առաջարկությունների և նախաձեռնությունների մեծ մասի իրականացմանը։

Վարչապետը կարևորել է նաև արվեստագետների միջև մասնագիտական համագործակցության մթնոլորտի ձևավորումը և դրա հիման վրա համահայկական ցանցի ստեղծումը։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---