«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի միջոցներով վերանորոգվել է Աբովյան քաղաքի ծննդատունը

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի միջոցներով (բարերար` Վրեժ և Իմաստուհի Նիկողոսյաններ) հիմնանորոգվել է Աբովյան քաղաքի ծննդատունը, որն արժեցել է շուրջ 46 միլիոն ՀՀ դրամ: Նիկողոսյանների նվիրատվությունը կատարվել է ի հիշատակ իրենց ծնողներ Գալուստ և Վերոնիկա Վարդանյանների և քրոջ` Ֆիլոր Վարդանյանի:

Այս առիթով տեղի ունեցած բացման արարողությանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ առողջպահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը, Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, բարերարներ Վրեժ և Իմաստուհի Նիկողոսյանների ներկայացուցիչ Գևորգ Քեորհաջյանը և այլոք:

Առինջ գյուղի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Սարգսյանը կատարեց ծննդատան օրհնության կարգ և մաղթեց, որ ծննդատունը բազմաթիվ առողջ ծնունդներ ունենա:

Շահագործման 25 տարիների ընթացքում հիվանդանոցը չէր վերանորոգվել: Հատկապես մանկաբարձական բաժանմունքը` վիրահատարանը, ծնարանները և անհաս նորածինների հսկողության պալատը, գտնվում էին անմխիթար վիճակում: Հիմնադրամի իրագործած ծրագրի շրջանակներում վերանորոգվեց հիվանդանոցի երրորդ հարկում տեղակայված ծննդաբերական բաժանմունքի ավելի քան 660 մ.քառ.մակերեսով տարածքը:

«Հիմնադրամը շատ կարևոր գործ է կատարել հիմնովին նորոգելով մի բաժանմունք, որտեղ մեր նորածիններն են լույս աշխարհ գալիս»: Տիկին Մադոյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի 50-ով ավել ծնունդ են ընդունել, ինչն ուրախալի միտում է: 2011 թվի հունվար-փետրվար ամիսներին առողջապահության նախարարությունը համաշխարհային բանկի ծրագրերից մեկի շրջանակներում ծննդատունը կապահովի անհրաժեշտ կահույքով և սարքավորումներով»,- իր շնորհակալական խոսքում նշեց հիվանդանոցի տնօրեն Լարիսա Մադոյանը:

Այստեղ տարեկան իրականացվում է շուրջ 350 վիրահատություն, 1700 հղիների կոնսուլտացիա, շուրջ 3300 հիվանդի ամբուլատոր սպասարկում և 1500 ծնունդ: Հիվանդանոցն ունի 35 բժիշկ և ավելի քան 80 հոգանոց սպասարկող անձնակազմ:

«Այն բարերարները, ովքեր նպատակային հատկացումներ են անում առողջապահական ծրագրերի իրականացման համար, քաջ գիտակցում են, որ մեր ազգի հետագա հաջողությունն ու առաջընթացը, նախևառաջ, կապված է մարդու առողջության հետ»,- նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

2009թ. հոկտեմբերին Մոնրեալի տեղական մարմնի կազմակերպած ճաշկերույթին հանգանակվեց երկու ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ գումար: Հիմնադրամի նվիրատու անդամներ Վրեժ և Իմաստուհի Նիկողոսյանների նվիրաբերած 100 հազար ԱՄՆ դոլարն ուղղվեց Աբովյանի հիվանդանոցի վերանորոգմանը, իսկ ճաշկերույթի մասնակից այլ 200 կանադահայերի հանգանակած գումարը` Լոռու մարզի Արծնի համայնքի գյուղապետարանի նորոգմանը, հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---