Ճապոնիայի կառավարությունը կօժանդակի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստում հաստատվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2010-2013 թթ. ֆինանսական տարիների և մինչև 2014 թ. հունիսի 30-ն ընդգրկող ժամանակահատվածի աուդիտորի տեխնիկական առաջադրանքը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Մեկ այլ հարցով քննարկելով և հավանության արժանացնելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի Պարբերական ֆինանսավորման հայտը` Կառավարման խորհուրդը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին 2011 թ. փետրվարին ՀՀ կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ Աշտարակ-Թալին հատվածի ճշգրտված հողերի օտարման ծրագրի և դրա իրականացման համար բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է նաև ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի վարկային պայմանագրի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցութուններ վարելու նպատակով:

Ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին մայրուղու` Ագարակ և Ուջան բնակավայրերում ու Զաքարի Բերդ հնագիտական վայրում ճանապարհի ծրագրի նախագիծը: «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն տվյալ հատվածում աշխատանքների իրականացման տարբերակների և դրանց հստակ գնահատականների վերաբերյալ։

Խորհուրդը հավանություն է տվել Ճապոնիայի կառավարության կողմից զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակության ծրագրերի շրջանակներում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երրորդ տրանշի ֆինանսավորման նպատակով ներկայացված նամակ-հայտին և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին` զբաղվել տվյալ նամակ-հայտը Ճապոնիայի կառավարությանը ներկայացնելու համար պահանջվող գործընթացներով:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---