ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է «Արի տուն» ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» ծրագիրը` նորացված և բարելավված:

Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքներ, զարգացնել ազգային ինքնագիտակցությունը, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային կապերի ամրապնդմանը:

Ծրագիրը մեկնարկում է 2011թ. հունիսին` 10 փուլով, որի ընթացքում Սփյուռքի 13-20 տարեկան երիտասարդների խմբերը 2 շաբաթով կհյուրընկալվեն հայաստանաբնակ ընտանիքներում և իրենց հայաստանցի հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ամառային ճամբարին:

Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անշահախնդիր և անհատույց: Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձևավորումն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների աջակցությամբ: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը պետք է հոգան սեփական կամ հովանավորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, իրականացվելու է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են Սփյուռքի և հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ, հայրենակցական կապերի ստեղծում, ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների, փառատոների, ցուցահանդեսների դիտումներ: Ճամբարում կիրականացվեն նաև ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմություն, մասնակցություն երգի, պարի, գեղարվեստի խմբակներին: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի անհատների հետ, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

Ծրագրի մասնակիցներին Հայաստան մուտքի արտոնագրերը (ծրագրի մասնակցության ժամանակահատվածում) տրամադրվում են անվճար:

«Արի տուն»-2011թ. ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ տարիներին արդեն մասնակցած երիտասարդները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---