Հայաստանը մասնակցում է Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների կիպրոսյան հավաքին

PanARMENIAN.Net - Կիպրոսում, Այի Նապայի վանքում, մարտի 3-ին Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները մեկշաբաթյա խորհրդակցություն սկսեցին` ուսումնասիրելու Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի «Հավատք և Կարգ» հանձնախմբի ստեղծած «Եկեղեցու բնույթն ու առաքելությունը» փաստաթուղթը: Խորհրդակցության նպատակն է համաշխարհային քննարկման նյութ դարձած եկեղեցաբանության ընկալման վերաբերյալ ներկայացնել Ուղղափառ եկեղեցիների տեսակետը:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո դիվանը, հավաքը հյուրընկալում է Կիպրոսի Ուղղափառ եկեղեցին: Հավաքին մասնակցում են շուրջ 40 հոգևորականներ, աստվածաբաններ, երիտասարդներ, ԵՀԽ անդամ Արևելյան Ուղղափառ և Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավաքին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն, «Հավատք և Կարգ» հանձնախմբի անդամ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ժողովի բացումը կատարեց Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու պետ Նորին Ամենապատվություն Քրիզոստոմոս արքեպիսկոպոսը: Ապա բացման խոսքով հանդես եկավ ԵՀԽ փոխատենապետ, խորհրդակցության ատենապետ Սասիմայի Գենադիոս միտրոպոլիտը:

Ողջույնի իր խոսքում ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթն անդրադարձավ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի եկեղեցաբանական ընկալման հարցի շուրջ Ուղղափառ Եկեղեցիների բերած կարևոր ներդրմանը, խոսեց առաջիկայում Յամայկայում կայանալիք Խաղաղության կոնֆերանսի մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---