Մանկապարտեզների տնօրենները վախենում են կարծիք հայտնել անվճար մանկապարտեզների վերաբերյալ

Մանկապարտեզների տնօրենները վախենում են կարծիք հայտնել անվճար մանկապարտեզների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Երևանի մանկապարտեզների տնօրենները վախենում են իրենց վերաբերմունքն արտահայտել անվճար մանկարապարտեզների մասին Երևանի քաղաքապետարանի որոշման վերաբերյալ այն մասին, որ ապրիլի 1-ից մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները, որոնք քաղաքապետարանի իրավասության ներքո են, անվճար կդառնան: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, մանկապարտեզներն անվճար են միայն այն երեխաների համար, ում ծնողները երևանյան գրանցում ունեն: Եթե երեխայի ծնողները գրանցված չեն Երևանում, ապա նրանք պետք է ամսական 18 000 դրամ վճարեն:

Ինչպես պարզել է PanARMENIAN.Net ի թղթակիցը, նման որոշմանը ծնողների բացասական արձագանքը կանխատեսելի էր: Որոշ ծնողներ, որոնք մայրաքաղաքի գրանցում չունեն, վրդովված են այդ որոշմամբ և դադարել են իրենց երեխաներին մանկապարտեզ տանել, ոմանք էլ հաշտվել են և ստիպված են վճարել:

«Իհարկե, Երևանում չգրանցված ծնողներն իրենց դժգոհությունն են հայտնել այդ որոշման վերաբերյալ: Շատ ծնողներ չունեն ֆինանսական հնարավորություններ, որպեսզի ամսական 18 000 դրամ վճարեն»,- ասել է թիվ 88 մանկապարտեզի տնօրենը: Սակայն նա նկատել է, որ նոր քաղաքականությունը պետք է տարածվի այն երեխաների վրա, որոնք դեռ նոր պետք է ընդունվեն մանկապարտեզ: «Ափսոս, որ այն երեխաները, որոնք մոտ 2-3 տարի հաճախում են մեր մանկապարտեզ, ստիպված են հեռանալ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Թիվ 80 մանկապարտեզի տնօրենն իր հերթին ասել է. «Եթե Հայաստանի բոլոր մարզերի երեխաներն այցելեն Երևանի մանկապարտեզներ, ապա ո՞վ կմնա մարզերում»:

Սակայն հարկ է նշել, որ շատ տնօրեններ հրաժարվեցին իրենց դիրքորոշումն արտահայտել այս հարցի վերաբերյալ` վկայակոչելով, թե զբաղված են կամ ասելով. «Դա կառավարության որոշումն է, մենք ընդամենը ենթարկվում ենք»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---