Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ջանքերով քաղաքում հայկական եկեղեցի է կառուցվում

Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ջանքերով քաղաքում հայկական եկեղեցի է կառուցվում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է մասնավոր այցով Երևանում գտնվող Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Օլեգ Սորոկինի հետ: Ներկայացնելով մայրաքաղաքի արդյունավետ կառավարման առաջնահերթությունները` քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքապետարանը նպատակ ունի փոխշահավետ համագործակցություն ծավալել գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: «Բիզնես տրամաբանություն ունեցող ոլորտների մասնավոր կառավարման արդյունքում ոչ միայն կշահեն կոնկրետ ուղղությունները, այլ նաև բյուջեից խնայված զգալի միջոցները կուղղվեն սոցիալական, բնապահպանական, կրթական և այլ ոլորտներ»,- նշել է Կարեն Կարապետյանը և հավելել, որ քաղաքապետարանը բաց է ցանկացած համագործակցության, որն ուղղված է մայրաքաղաքի զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Օլեգ Սորոկինը Կարեն Կարապետյանին է ներկայացրել քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում վերջին տարիների իրենց փորձը: Խոսելով շուրջ 35000-անոց հայկական համայնքի մասին` Օլեգ Սորոկինը նշել է, որ այն ակտիվ ներգրավված է քաղաքի տնտեսական և մշակութային կյանքում: Ներկայում համայնքի հնարավորություններով հայկական եկեղեցի է կառուցվում:

Կողմերը մտքեր են փոխանակել կոմունալ տնտեսության, առողջապահության, տրանսպորտի և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Երևանի և Նիժնի Նովգորոդի քաղաքապետերը քննարկել են նաև հնարավոր համագործակցության հեռանկարները, հաղորդում է Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---