«Վերնիսաժը» չի փակվելու, այլ բարեկարգվելու է, խոստանում է Երևանի քաղաքապետը

«Վերնիսաժը» չի փակվելու, այլ բարեկարգվելու է, խոստանում է Երևանի քաղաքապետը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը բնավ չի պատրաստվում փակել «Վերնիսաժը»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտված տեղեկատվությունը, հայտնեց, որ քաղաքապետարանն ընդհամենը հետևողական է լինելու, որպեսզի Փ. Բուզանդի փողոցին հարող «Վերնիսաժի» տարածքում տիրող բարձիթողի վիճակը շտկվի:

«Մենք հետևողական ենք լինելու, որ այգու կանաչ տարածքներում վաճառք չկազմակերպվի և այդ ուղղությամբ ձևակերպել ենք մեր պահանջները: Վերնիսաժը մեր քաղաքի դեմքն է, բայց այս վիճակում այն չպետք է լինի: Այդ տարածքները վարձակալողներին մենք հստակ պահանջներ ենք ներկայացրել` պահպանել խաղի կանոններն ու բարեկարգել տարածքները”, - ասաց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դարձյալ խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրել մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման և բարեկարգման մասով, հատկապես վարձակալությամբ տրված տարածքների վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պայմանագրային պարտավորությունները չկատարող սուբյեկտները օրենքով սահմանված կարգով կարող են ենթարկվել համապատասխան տույժի, ընդհուպ մինչև վարձակալության պայմանագրերի դադարեցման: Իսկ մասնավորապես «Վերնիսաժի» մասով հանձնարարել է. «Մինչև շաբաթ օրը ամբողջությամբ պետք է վերականգնվի կանաչ գոտին և արգելվի այդ հատվածում առևտրի իրականացումը: Վերահսկեք, որպեսզի վարձակալը կատարի բարեկարգման և կանաչապատման պայմանագրային պարտավորություններն ու պահպանի այն»,- շեշտել է քաղաքապետը: Հասարակական վերահսկողության նպատակով քաղաքապետն առաջարկել է ներգրավել նաև բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին, հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---