Ապրիլի 14-ին հայ երիտասարդները արյուն են հանձնել Հեմոֆիլիայի միջազգային օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ, Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում մասնակցեցին «Իմ արյունը, քո արյունն է» խորագրով արյունատվության ակցիային, որը նվիրված էր ապրիլի 17-ին Հեմոֆիլիայի միջազգային օրվան: Համալսարանի 120 ուսանողներ պատրաստ էին կատարել անվարձահատույց արյունատվություն: «Արյուն հանձնող ուսանողները նախօրոք լրացնում են հարցաթերթիկ, անցնում բժշկական զզնում, վերցնում ենք արյան նմուշ` եթե արյունը համապատասխանում է բոլոր չափանիշներին, ապա նոր դոնորը կարող է արյուն հանձնել»,- պարզաբանեց արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

Հայաստանն աշխարհի այն երկրների թվում է, որտեղ արյունը հավաքվում է ինչպես անվարձահատույց, այնպես էլ վճարովի դոնորներից: Այն հարցին, իսկ ինչու է անհրաժեշտության դեպքում անվարձահատույց դոնորի արյունը վաճառվում հիվանդին, Ս. Դաղբաշյանը պատասխանեց, որ հիվանդը վճարում է միայն այդ արյան մշակման, պահպանման համար, այլ ոչ թե արյան` այն անգին է:

Նմանատիպ ծրագրերի միջոցով հասարակության մեջ անհրաժեշտ է արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը մարդասիրական քայլ է, ինչի շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում փրկել հազարավոր մարդկանց կյանքեր:

«Անձամբ հետևում ենք Հայաստանում արյան քանակին, և երբ տեսնում ենք, որ կարիք կա արագ արձագանքում ենք` կազմակերպելով նման ակցիաներ: Քանի դեռ մեր երկրում նման խնդիր կա, մենք չենք կարող անտարբեր լինել», - ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Ուսանող դոնորները մեծ խանդավառությամբ և հաճույքով կատարեցին մարդասիրական այդ քայլը` կոչ անելով անտարբեր չլինել շրջապատի, օգնության կարիք ունեցող մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է, որ միշտ ուշադրության կենտրոնում լինեն երիտասարդ դոնորները, որոնք կարող են մեծ ներդրում ունենալ` հանձնելով արյուն և կոչ անելով երիտասրադությանը դառնալ արյան դոնոր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---